1 հուլիսի 2005 - 07:52 AMT
ԷՐԴՈՂԱՆ. ԵՄ-Ն ՉԻ ԿԱՐՈՂ ՊԱՀԱՆՋԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻՑ ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
«Կոպենհագենի սկզբունքների պայմանների ցանկում, որոնք Եվրամիությունը առաջադրել է Թուրքիային, չկան Հայոց ցեղասպանության ճանաչումը եւ Հայաստանի հետ սահմանի բացումը: Եվ եթե դրանք առաջ քաշվեն առաջիկայում, նույնիսկ այդ դեպքում Թուրքիան մտադիր չէ ընդունել այդ նախապայմանները»: Նման հայտարարությամբ հանդես է եկել Բաքվում այցով գտնվող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Թուրքական կառավարության ղեկավարի խոսքերով, Հայոց ցեղասպանության ճանաչելը կամ չճանաչելը եւ Հայաստանի հետ սահմանի բացումը Թուրքիայի ներքին գործն է.«Այդ հարցերի վերաբերյալ որոշումները կայացնում է ոչ թե Եվրամիությունը, այլ Թուրքիան: Եվ մենք լավ գիտենք, թե ինչ որոշում կկայացնենք: Մինչ այս պահը մենք լիովին կատարել ենք Եվրամիության առջեւ ստանձնած մեր բոլոր պարտավորությունները, այդ թվում նաեւ Կոպենհագենի սկզբունքներում գրանցված պայմանները»: