24 հուլիսի 2003 - 00:12 AMT
ԵՎՐԱԽՈՐՀՈՒՐԴԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԲԱԶՄԱԿԱՐԾՈՒԹՅԱՆ ՊԱԿԱՍՈՎ
Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղար Վալթեր Շվիմերն իր մտահոգությունն է արտահայտել Հայաստանում լրատվության բազմակարծության պակասի առնչությամբ: ԵԽ երեւանյան ներկայացուցչության հաղորդագրության համաձայն, նման հայտարարություն է արվել «Ա1+» եւ «Նոյյան տապան» անկախ հեռուստաընկերություններին հեռարձակման արտոնագիր չտրամադրելու մասին Հայաստանի հեռուստա- եւ ռադիոհեռարձակման ազգային հանձնաժողովի կայացրած վերջին որոշման առնչությամբ: «Դժբախտաբար, այս որոշումը Հայաստանում բազմակարծության նկատմամբ ոչ բավարար հարգանքի մեկ այլ օրինակ է, ինչը մեզ անհանգստացնում է արդեն մի քանի ամիս, հատկապես վերջերս տեղի ունեցած ընտրարշավների լույսի ներքո»,- ասել է նա: Վ.Շվիմերի խոսքերով, եկել է ժամանակը, որ Հայաստանի իշխանությունները որպես այդպիսին ընդունեն բազմակարծությունը, եթե հանրապետությունը ցանկանում է խորացնել ինտեգրման գործընթացները Եվրոպայի հետ: Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին ՀՀ Հեռուստա- եւ ռադիոհեռարձակման ազգային հանձնաժողովը հրապարակել էր հեռարձակման իրավունքի մրցույթի արդյունքները, որի համաձայն «Ա1+» եւ «Նոյյան տապան» հեռուստաընկերությունները արտոնագրեր չեն ստացել: