8 հունվարի 2013 - 14:11 AMT
Սերգեյ Զակուրաևը կգլխավորի Հայաստանում Beeline-ի բջջային բաժինը

«ՎիմպելԿոմ Լտդ.» ընկերությունների խմբի «ԱՊՀ» բիզնես միավորը հայտարարել է Սերգեյ Զակուրաևին «ԱրմենՏել» ՓԲԸ-ի բջջային կապի բլոկի տնօրենի պաշտոնում նշանակելու մասին, որը Հայաստանում կապի ծառայություն է տրամադրում Beeline ապրանքանիշի ներքո:

Ինչպես հաղորդում է «ԱրմենՏել» ՓԲԸ-ի մամլո ծառայությունը, Զակուրաևը ձեռնամուխ կլինի իր պարտականություններին 2013-ի հունվարի 14-ից:

Մեկնաբանելով Զակուրաևի նշանակումը` ԱՊՀ երկրներում բիզնեսի զարգացման հարցերով «ՎիմպելԿոմ Լտդ.» խմբի փոխնախագահ Դմիտրի Կրոմսկին նշել է, որ Վրաստանում Beeline-ը նրա ղեկավարությամբ շարունակել է շուկայում վստահ աճը և իր դիրքերի ամրապնդումը: «Նոր ռազմավարության համաձայն, «ԱրմենՏելի» բջջային բիզնեսին հատկացվել է ընկերության առանձին բաժին` այդ հատվածում ֆոկուսն ուժեղացնելու նպատակով: Ես համոզված եմ, որ Սերգեյի փորձը, որը ձեռք է բերվել Beeline-ի ներկայության չորս երկրների բիզնեսի տարբեր ոլորտներում, դրական ազդեցություն կունենա Հայաստանում անլար կապի ծառայությունների զարգացման վրա»,- ասել է փոխնախագահը:

Իր հերթին Զակուրաևը համոզմունք է հայտնել, որ ընկերության բիզնեսի կոնկրետ հատվածներում հստակ կենտրոնացման շնորհիվ կհաջողվի «թարմ գաղափարներ ներմուծել համաշխարհային չափանիշների մակարդակում ծառայություն կառուցելու համար»:

Սերգեյ Զակուրաևը ծնվել է Ստավրոպոլում 1974-ին: 1995-ին ավարտել է Ստավրոպոլի Բարձրագույն ավիացիոն-ինժեներային ուսումնարանը, կրթությունը շարունակել ՌԴ կառավարությանն առընթեր Ժողովրդական տնտեսության ակադեմիայում:

2003-ի հուլիսին Զակուրաևը «ՎիմպելԿոմ»-ում զբաղեցրել է Ռուսաստանի Հարավային շրջանում «Բիլայնի» առևտրային տնօրենի պաշտոնը: 2008-ի հոկտեմբերին նշանակվել է GTel-Mobile-ի առևտրային տնօրեն, 2011-ի փետրվարին զբաղեցրել է Ուզբեկստանում «Բիլայնի» տարածաշրջանային զարգացման հարցերով տնօրենի պաշտոնը, 2011-ի դեկտեմբերի` գլխավորել Beeline-ը Վրաստանում: