9 հունվարի 2013 - 15:07 AMT
Հայաստանում ստեղծված իրավիճակը Վարդան Օսկանյանին Հիրշմանի տեսությունն է հիշեցնում

Հայաստանում ստեղծված իրավիճակը ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին հիշեցրել է Ալբերտ Հիրշմանի «Հեռացում, բարձրաձայնում և հավատարմություն» (Exit, Voice, and Loyalty) աշխատությունը:

ԲՀԿ-ական պատգամավորը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հիրշմանի տեսությունն այն է, որ երբ ինչ-որ իրավիճակի վատացում է տեղի ունենում, մարդիկ դրան արձագանքում են կա՛մ երես թեքելով ու հեռանալով, կա՛մ դրա մասին բարձրաձայնելով ու պայքարելով՝ նպատակ ունենալով իրավիճակը փոխել: Իհարկե այս երկու տարբերակների ընտրության հարցում որոշիչ է կոնկրետ իրավիճակի նկատմամբ հավատարմության գործոնը:

Հիրշմանն ասում է, որ այս մոտեցումը հավասարապես կիրառելի է և՛ սովորական սպառողական մթնոլորտում, և՛ մեծ ու փոքր կազմակերպություններում, և՛ հատկապես պետություններում:

Երբ մարդիկ դժգոհ են լինում երկրում առկա վիճակից, կա՛մ պայքարում են այն փոխելու համար, կա՛մ լքում են երկիրը: Նրանք, ովքեր լքելու հնարավորություն չունեն, ամբողջական անտարբերություն են ցուցաբերում երկրում ընթացող կամ չընթացող գործընթացների նկատմամբ:

Հաշվի առնելով Հայաստանում այսօր ստեղծված իրավիճակը, արտագաղթի տեմպը և նախագահական մոտալուտ ընտրությունները, Հիրշմանի աշխատությունը անհավատալիորեն արդիական է մեզ համար»: