Վարդան Մինասյանին «Կուբանի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու առաջարկ չի արվել
Izvestia.ru կայքում հրապարակվել է տեղեկատվություն այն մասին, որ Կրասնոդարի «Կուբանի» ղեկավարությունը Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանին դիտարկել է որպես թիմի գլխավոր մարզչի պաշտոնի թեկնածու: Ըստ ռուսական կայքի, Յուրի Կրասնոժանի հրաժարականից հետո Վարդան Մինասյանը համարվել է կրասնոդարյան ակումբի գլխավոր մարզչի հիմնական հավակնորդը, սակայն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը դեմ է եղել, որպեսզի Վարդան Մինասյանը համատեղի ռուսական ակումբի և Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնները` համարելով, որ համատեղումը կխանգարի աշխատանքի արդյունավետությանը: ՀՖՖ մամուլի քարտուղարությունը հերքել է այդ տեղեկատվությունը և նշել, որ Վարդան Մինասյանին «Կուբանի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու առաջարկ չի արվել: