The Europas մրցանակաբաշխությունում, որտեղ ներկայացված են start up նախագծեր, մասնակից թուրքական ընկերությունը DDoS հարձակումներ է սկսել 5-րդ հորիզոնականում գտնվող Լավագույն եվրոպական startup նախագծի կոչմանը հավակնող հայկական iMall օնլայն-խանութի վրա: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին ասաց iMall էլեկտրոնային առևտրի սոցիալական ցանցի հիմնադիր Մարտին Ավետիսյանը, հարձակումները տեղի են ունենում «շատ հնարամիտ ձևով»:
«Այդ պատճառով էլ ասել, որ դրանք կատարվում են թուրքերի կամ այլ ազգի կողմից այդքան էլ հեշտ չէ, քանի որ օգտագործվում են տարբեր երկրների IP հասցեներ», - ասաց Ավետիսյանը:
Հաղթողները որոշվում են ֆեյսբուքյան քվեարկությամբ, որի ավարտին մնացել է ընդամենը 2 օր. մրցույթի արդյունքները կամփոփվեն հունվարի 11-ին:
Քվեարկել անհրաժեշտ է The Europas-ի կայքում:
Արդեն 12 երկրներում գործող iMall ցանցն իր տեսակի մեջ առաջինն է, որը եվրոպական շոփինգի և նորաձևության ամենավերջին զարգացման ուղղությունները ինտերնետի միջոցով հասանելի է դարձնում Ռուսաստանի, եվրասիական երկրների և այժմ նաև Հայաստանի շուկաների հաճախորդների համար: Ցանցում ներկայացված են ավելի քան 500 համաշխարհային բրենդեր, ինչպիսիք են՝ Alexander McQueen, Burberry, Christian Louboutin, Gucci, Prada, Valentino, Yves Saint Laurent: Հնարավոր է նաև ինտերնետային առևտուրը Harrods, Selfridges, Bloomingdales, Fifth Saks Avenue պես հեղինակավոր առևտրային կենտրոններից ուղղակիորեն:
Ցանցի օգտատերերը կարող են միանալ նորաձևության տարբեր օնլայն համայնքների, խորհուրդ հարցնել հայտնի բլոգերներից և նորաձևության մասնագետներից: