6 հուլիսի 2005 - 08:49 AMT
ՀԱՅԿԱԿԱՆ «ԿԻԼԻԿԻԱ» ԱՌԱԳԱՍՏԱՆԱՎԸ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ Է ԱՐԺԱՆԱՑԵԼ ՄԱՐՍԵԼՈՒՄ
Հուլիսի 3-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ, Մարսելի նավահանգստի Պատվո կառամատույցում, քաղաքապետարանի դիմաց, տեղի ունեցավ հայկական «Կիլիկիա» առագաստանավի դիմավորման հանդիսավոր արարողությունը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Արարողությանը ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Էդվարդ Նալբանդյանը, Մարսելի քաղաքապետարանի, Բուշ դյու Ռոնի շրջանային խորհրդի եւ Պրովանս-Ալպ-Կոտ դԱզյուրի Գլխավոր խորհրդի ղեկավարներ, սենատորներ, պատգամավորներ, հայ համայնքի հազարից ավել ներկայացուցիչներ: Հնչեցին Հայաստանի եւ Ֆրանսիայի հիմները, կառամատույցում կազմակերպվեց համերգ: Ողջունելով հայկական առագաստանավի մուտքը Մարսելի նավահանգիստ, Է.Նալբանդյանը առանձնանշեց, որ Մարսելը դարեր ի վեր հայերի համար եղել է հյուրընկալ նավահանգիստ, իսկ ցեղասպանությունից մազապուրծ հայերի համար` փրկության ափ: «Կիլիկիա» առագաստանավը մեզ տեղափոխում է այն ժամանակները, երբ կանգուն էր Կիլիկյան թագավորությունը եւ նրա նավերը ցանկալի հյուր էին Միջերկրականի նավահանգիստներում, հատկապես Մարսելում: Խորհրդանշական է, որ Կիլիկիայի վերջին թագավորը հանգչում է հենց ֆրանսիական հողում` Սեն-Դենի բազիլիկում, Ֆրանսիայի թագավորների կողքին», ասաց դեսպանը: «Կիլիկիա» առագաստանավը Մարսելի նավահանգստում կմնա մինչեւ հուլիսի 6-ը: