Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ փողոցներում ու մայթերում շարունակվող ձնամաքրման աշխատանքներին զուգահեռ , իրականացվում է նաև մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի ու շինությունների տանիքներից կախված սառցալեզվակների և ձյան հեռացման գործընթացը: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Այս աշխատանքներում Երևանի քաղաքապետարանին տեխնիկապես, ինչպես նաև հրշեջ փրկարարների ներգրավմամբ, աջակցում է ԱԻՆ Երևանի փրկարարական ծառայությունը, համատիրությունների աշխատակիցները, ճանապարհային ոստիկանությունը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության աշխատակիցները: Գործընթացը մայրաքաղաքում կծավալվի այնքան ժամանակ, մինչև վերանա սառցալեզվակների ցած թափվելու վտանգը:
Բոլոր դեպքերում քաղաքացիների խորհուրդ է տրվում ցուցաբերել զգուշավորություն և այս օրերին հնարավորին խուսափել շենքերի ու շինությունների անմիջական հարևանությամբ անցուդարձ կատարելուց: