8 հուլիսի 2005 - 08:46 AMT
ԱՄՀ-Ն ԲԱՐՁՐ Է ԳՆԱՀԱՏԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Թաթուլ Մարգարյանը հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի կառավարչի տեղակալ Օգուստին Քարստենսի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպումը կայացել է Օ.Քարստենսի Հայաստան կատարելիք այցի նախաշեմին: Հանդիպման ընթացքում Օ. Քարստենսը բարձր է գնահատել Հայաստանի տնտեսությունում իրականացվող բարեփոխումները, որոնց ակնհայտ արդյունքն է կայուն տնտեսական աճը, աղքատության նվազումը, ազգային դրամի արժեքավորումը: Թ.Մարգարյանն իր հերթին կարեւորել է ԱՀՄ-ի կողմից Հայաստանին ցուցաբերած օժանդակությունը, նշելով, որ Հայաստանի իշխանությունները հիմնադրամի հետ համագործակցաբար շարունակելու են տնտեսական զարգացման ծրագիրը: Օգուստին Քարստենսը նշել է, որ Հայաստանում ընթացող բարեփեխումների մասին պատկերացում կազմելու համար նախընտրում է ինքնուրույն ծանոթանալ երկրին, եւ համոզմունք հայտնել, որ այդ առումով իր կատարելիք այցը արդյունավետ եւ օգտակար կլինի: