
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության անդամները, ինչպես «Հայկական ժամանակ»-ի թղթակցին հայտնել է ղեկավար Հայդի Թալիավինին, ՀՀ ԿԸՀ-ում բարձրացրել են ընտրացուցակներում առկա մարդկանց և ՀՀ առկա բնակչության թվերի բալանսի հարցը: Թերթի հիշեցմամբ` ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության հրապարակած նախնական հունվարի 6-ի տվյալներով, 2013թ. նախագահական ընտրությունների ընտրական ցուցակներում ընտրողների թիվը հասել է 2 միլիոն 500 հազար 887-ի: Թղթակցի հարցին, թե արդյո՞ք սա ռիսկային չէ արդար ընտրությունների տեսանկյունից, տիկին դեսպանը պատասխանել է. «Մեր տպավորությունն առայժմ այն է, որ ԿԸՀ-ն բավականին քայլեր ձեռնարկել է հնարավորինս պահպանելու դրանց ճշգրտությունը: Ինչպես և ցանկացած այլ հարց, որ հասարակության ուշադրության կենտրոնում է գտնվում, մենք այս հարցին ուշադիր հետևելու ենք և մեր եզրակացություններում կարտացոլենք մեր կարծիքը»: