ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել 2013 թվականի առաջին գործակարգավարական խորհրդակցությունը, որը վարել է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Խորհրադակցությանը մասնակցել են նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները: Նշելով որ սպասվում է լարված աշխատանքային տարի՝ նախարարը շեշտել է` անկախ նախորդ տարվա ձեռքբերումներից ու արդյունքներից հանրապետության ղեկավարության և հանրության սպասելիքներն ու պահանջները բոլոր նախարարություններից գնալով մեծանում են: Ինչպես PanARMENIAN.Net-ի հայտնում են ՀՀ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, նախարարը հանձնարարել է նախապատրաստել աշխատանքային տարվա ընթացիկ միջոցառումների ծրագրերը՝ հիմք ընդունելով կառավարության կողմից նախորդ շաբաթ հաստատված 2013 թվականի աշխատանքային տարվա ծրագիրն ու դրանցում ամրագրված կրթության ոլորտի գերակայությունները: Նախարարի հանձարարությամբ կրթության ոլորտի միջոցառումների համար կսահմանվի մեկամսյա պարբերականությամբ հաշվետվություններ ներկայացնելու ժամանակացույց: Նախարար Ա. Աշոտյանն հանձնարարել է սեղմ ժամկետներում հաստատման ներկայացնել կրթական համակարգում կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի 2013-2014 թվականների միջոցառումների համալիր ծրագիրը:
Առաջիկա նախագահական ընտրություններով պայմանավորված հանրապետությունում քաղաքական ակտիվ գործընթացների համատեքստում՝ նախարար Ա. Աշոտյանը շեշտել է, որ ՀՀ օրենսդրության համաձայն՝ համակարգի ներկայացուցիչներն իրավունք չունեն աշխատանքային պարտավորությունները կատարելիս քաղաքական գործունեությամբ զբաղվել: Լինելու է խիստ վերահսկողություն նման դրսևորումները բացառելու համար, ինչպես նաև բոլոր այն երևույթների նկատմամբ, որոնք կարող են ստվեր նետել մեր երկրում բացառիկ թափանցիկ և արդար ընտրությունների կազմակերպման գործընթացի վրա: