14 հունվարի 2013 - 17:43 AMT
Ռոբերտ Սիմոնյան. 8 միլիոն դրամ գրավի պահանջը անօրինական է և ապօրինի

Նախագահական ընտրություններում առաջադրվելու համար 8 միլիոն դրամ գրավի պահանջը անօրինական է և ապօրինի, ինչպես նաև հակասում է Սահմանադրությանը: Նման համոզմունք ունի ընտրապայքարից դուրս մնացած «Քաշաթաղ» ՀԿ-ի ղեկավար Ռուբերտ Սիմոնյանը: Նրա թեկնածության գրանցումը ԿԸՀ-ն այսօր մերժեց, քանի որ քաղաքացին իր առաջադրման փաստաթղթերի հետ չէր ներկայացրել ընտրագրավի վճարման անդորրագիրը: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում նա հայտնեց, որ պայքարելու է և հասնելու է միչև միջազգային կառույցեր: Ռոբերտ Սիմոնյանը միայն ընտրագրավի ինստիտուտի դեմ չի բողոքում: Ըստ նրա՝ այն, որ նախընտրական շրջանում գործող նախագահը շորունակում է պաշտոնավարել անհավասար պայմաններ է ստեղծում նախագահների թեկնածուների միջև: «Որևէ մեկը իրավունք չունի խտրականություն դնել, սա իրավահավասարության խախտում է»,- ասաց Ռոբերտ Սիմոնյանը:

Ըստ նրա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը սխալ է մեկնաբանում Ընտրական օրենսգիրքը: «Նա ոչ թե խոսում է օրենքից, այլ մեջբերում է այլ պետությունների փորձը: Մենք պետք է առաջնորդվենք մեր պետության օրենքներով, մենք ինքնիշխան պետություն ենք: Դա պետական դավաճանություն է»,- ասաց նա: Ռոբերտ Սիմոնյանը նկատեց, որ Սահմանադրությունը չպետք է համապատասխանեցնել օրենքներին, այլ հակառակը: