
Փրկարար ծառայությունում արդեն մշակված են այս տարվա ընթացքում նախատեսված միջոցառումների պլանները (անձնակազմի պատրաստվածության բարձրացման, ուսումնավարժությունների և այլն)։ Այսօր ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Արմեն Երիցյանը։ Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Ս. Ազարյանը զեկուցել է շաբաթվա ընթացքում հանրապետության տարածքում գրանցված արտակարգ դեպք-պատահարների և դրանց արձագանքման միջոցառումների մասին։ Աշխատանքներ են տարվում նոր ու առավել հզոր ամենագնաց ավտոմեքենաներ ձեռք բերելու ուղղությամբ, որոնք կարող են բարդ եղանակային պայմաններում հաղթահարել միջհամայնքային դժվարանցանելի ճանապարհները և օգնության հասնել հանրապետության հեռավոր համայնքների բնակիչներին։
Շուտով փրկարար ծառայությունը ձեռք կբերի նաև վայրի կենդաներին ժամանակավոր քնեցնելու համար նախատեսված հատուկ հրացաններ և օձեր որսալու գործիքներ, որոնք կօգնեն առավել ընդլայնել փրկարարների կողմից մատուցվող ծառայությունները և մեր համաքաղաքացիներին բարձրորակ մասնագիտական օգնություն ցուցաբերել նաև կենդանիերի հետ կապված արտակարգ դեպքերի ժամանակ։