
Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությանը՝ տիկին Կարին Ուոլդսեթի գլխավորությամբ։
Նա հավաստել է դատախազության վճռականությունն ու պատրաստակամությունը` հետամուտ լինել առաջիկա նախագահական ընտրությունների ընթացքում հնարավոր ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների պատշաճ գրանցմանն ու քննարկմանը, դրանց համարժեք քրեաիրավական գնահատական տալուն: Հովսեփյանը տեղեկացրել է, որ իր հրամանով հունվարի 14-ին ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների ընդունման, գրանցման և քննարկման նկատմամբ դատախազական հսկողություն իրականացնելու համար: Խմբում ընդգրկվել է 12 դատախազ:
Աշխատանքային խմբի գործունեության համակարգումը կիրականացնի ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը: Աշխատանքային խումբը ոչ միայն հսկողություն է իրականացնելու գրավոր ստացված հաղորդումների պատշաճ գրանցման ու քննարկման նկատմամբ, այլ նաև իրականացնելու է լրատվամիջոցների մշտադիտարկում՝ քննարկման առարկա դարձնելով հանցագործության հատկանիշներ պարունակող ընտրախախտումների վերաբերյալ մամուլի հրապարակումները։
Հյուրերի խնդրանքով նա նաև անդրադարձել է ընտրակաշառքի, ընտրությունների ընթացքում վարչական ռեսուրսի օգտագործման համար օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներին և նշել, որ այս ընտրությունների ընթացքում ևս դատախազությունը բացատրական աշխատանքներ է իրականացնելու հասարակության առավել լայն շրջանակներում՝ իրազեկելու համար։