18 հունվարի 2013 - 12:54 AMT
Խոհրդակցություն` ԼՂՀ նախագահի մոտ. Հանձնարարականներ են տրվել կապված ջրամատակարարման ոլորտի հետ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված հանրապետությունում ջրամատակարարման հիմնախնդիրներին:

Նախագահ Սահակյանը ջրամատակարարումը, ջրային պաշարների արդյունավետ օգտագործումը և պահպանումը համարել է ռազմավարական այն ուղղությունը, որն առնչվում է պետության կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներին և երկրի անվտանգության առանցքային բաղադրամասերից մեկն է:

Անդրադառնալով ոլորտում իրականացվելիք աշխատանքներին` երկրի ղեկավարն ընդգծել է, որ անհրաժեշտ է մշակել այնպիսի համալիր ծրագիր, որն օբյեկտիվորեն և ճշգրիտ կերպով կարտացոլի ներկա իրավիճակը, հանրապետության բոլոր բնակավայրերում ջրամատակարարման հետ կապված խնդիրները, և միաժամանակ, կնախանշի դրանց լուծման ուղիները: Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնում են ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից, Բակո Սահակյանը նշել է, որ լուծումների հիմքում պետք է ընկած լինեն առողջ տրամաբանությունն ու առաջնահերթությունները, որոնք հնարավորություն կտան համալիր կերպով բարելավել առկա իրավիճակը և կայուն հիմքեր ստեղծել սոցիալ-տնտեսական զարգացման համար:

Երկրի ղեկավարը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին` աշխատանքների իրականացման ուղղությամբ:

Խորհրդակցությանը մասնակցել են նաև վարչապետ Արա Հարությունյանը, ԱԺ փոխխոսնակ Արթուր Թովմասյանը և այլ պաշտոնատար այլ անձինք: