18 հունվարի 2013 - 15:25 AMT
ՀԱԿ-ը վերսկսում է ուրբաթօրյա ցույցերը

Հայ ազգային կոնգրեսն այսօր գլխավոր դատախազության շենքի դիմաց վերսկսեց ուրբաթօրյա ցույցերը: Նրանք պահանջում են ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի ազատությունը:

«Սա այս տարվա մեր առաջին ուրբաթօրյա ցույցն է: Մենք վերսկսում ենք ու շարունակում պայքարը ազատության ու արդարության համար: Մեր ընկեր քաղբանտարկյալների համար: Այսօր ցույցից բացի նաև նամակներ ենք ուղարկել դեսպանատներ, որով կոչ ենք անում անտարբեր չլինել տեղի ունեցող ապօրինությունների հանդեպ», -PanARMENIAN.Net-ի թղթակցին ասաց ՀԱԿ ակտիվիստ Արեգ Գևորգյանը:

«Այս ցույցը նշանակում է, որ մենք շարունակում ենք պայքարը` անկախ ընտրություններին չմասնակցելու հանգամանքից», - PanARMENIAN.Net-ի թղթակցին ասաց ՀԱԿ անդամ Արման Գալոյանը:

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նախ հավաքվածներին տեղեկացրեց, որ երեկ հանդիպել է ԵԽԽՎ պատվիրակության հետ ու հստակ ներկայացրել այն իրավիճակը, որի մասին բոլորը գիտեն:

«Նախագահական ընտրությունները տապալված են: Բազմակի քվեարկությունների, մարդկանց ու ընդդիմադիրներին ֆինանսավորող գործարարների ահաբեկման և այլ միջոցներից հետո Սերժ Սարգսյանը, որոշ ժամանակ նաև Ռոբերտ Քոչարյանի հետ, տարիներ շարունակ ամեն ինչ արեցին, որ բացառեն ընտրությունների միջոցով իշխանության փոխվելու հնարավորությունը: Սերժ Սարգսյանը ոչնչացրեց ընտրական համակարգը», - ասաց Լևոն Զուրաբյանը ու հավելեց, որ շարունակելու են պայքարել ՀԱԿ ակտիվիստների ազատության համար: