
Հունվարի 18-ին դեսպան Համլետ Գասպարյանը, Ռումինիայի նոր կառավարության անդամների հետ հանդիպումների շարքում առաջինը տեսակցեց էկոնոմիկայի նախարար Վարուժան Ոսկանյանի հետ: Հանդիպումն անցավ ջերմ և գործնական մթնոլորտում, ուր դեսպանը Հայաստանի կառավարության անունից շնորհավորեց ռումինահայ նախարարին նշանակման կապակցությամբ և հույս հայտնեց, որ Ոսկանյանն իր այս կարևոր դիրքում կնպաստի հայ-ռումինական միջպետական կապերի առավել զարգացմանը և խորացմանը:
Այնուհետև հաջորդած զրույցի ընթացքում երկուստեք կարևորություն տրվեց տնտեսության բնագավառում համագործակցության խորացմանը, քննարկվեցին փոխգործակցության առկա ձևաչափերը և ուրվագծվեցին հեռանկարները: Հաշվի առնելով, որ Ռումինիայի նոր կառավարության կազմում այսուհետև Ոսկանյանն է գլխավորելու հայ-ռումինական առևտրատնտեսական և գիտատեխնիկական միջկառավարական հանձնաժողովը, զրուցակիցներն անդրադարձ կատարեցին 2011թ. մարտին Բուխարեստում կայացած միջկառավարական համատեղ հանձնաժողովի 3-րդ նիստի Արձանագրությամբ նախանշված գործողությունների և ծրագրերի իրագործման ընթացքին և քննարկվեցին ընթացիկ տարում Երևանում նախատեսված 4-րդ նիստին առնչվող հարցերը:
Համագործակցության հնարավոր ուղղությունների առումով, ուշադրության առնվեցին վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից 2011թ. սեպտեմբերին Բուխարեստ կատարած այցի ընթացքում արված առաջարկները, որոնք ընդգրկում են ՏՏ, քիմիական արդյունաբերության, առողջապահության, դեղագործության, գյուղատնտեսության և տուրիզմի ոլորտները:
Երկու երկրների միջև գրանցված տնտեսական ակտիվությունը գնահատելով ոչ բավարար և առկա հնարավորություններից ցածր, զրուցակիցները նախանշեցին փոխգործակցության խթանմանն ուղղված լրացուցիչ քայլերը, մասնավորապես, Միջկառավարական հանձնաժողովի քարտուղարության աշխատանքների ակտիվացում, Զարգացման Հայկական գործակալության և Ռումինիայի առևտրի և օտարերկրյա ներդրումների զարգացման կենտրոնի միջև շրջանակային համաձայնագրի ստորագրում, առևտրաարդյունաբերական պալատների միջև համագործակցության խրախուսում, բիզնես ֆորումների անցկացում, ցուցահանդեսներին և տոնավաճառներին փոխադարձ մասնակցություն, հնարավոր փոխադարձ ներդրումների հայտնաբերում և խրախուսում:
Այս առումով լրացուցիչ օղակ համարվեց նաև երկու երկրների միջև անցյալ տարվանից սկիզբ առած ապակենտրոնացված մակարդակով համագործակցության հնարավորությունները:
Կողմերը շոշափեցին նաև միջազգային տնտեսական կառույցներում համագործակցության հարցեր, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: