
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խոստանում է 2013-ին շարունակել անհաշտ պայքար մղել զինված ուժերում արատավոր երևույթների դեմ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սեյրան Օհանյանը հայտնեց, որ պետք է պայքարել բանակ ներթափանցող արատավոր երևույթների դեմ` հանցագործություններ, փողոցային բարքեր:
«Պետք է վերացնել հանցագործ աշխարհին հատուկ հայհոյանքով երդվելու, «հայհոյանք դնելու» անպատիվ սովորույթը, անհանդուրժողականությունը: Յուրաքանչյուր օղակում ֆունկցիոնալ պարտականությունների կատարման բարձր աստիճան պետք է լինի»,- ասաց նախարարը:
Սեյրան Օհանյանը կարևորում է զորակոչի թափանցիկ, արդար և անթերի անցկացումը, ինչը կխորացնի բանակ-հասարակություն կապը: Կարևոր է նաև բանակում բուժսպասարկման, սննդի, համազգեստի հարցերը:
Նրա խոսքով` իր նպատակն է, որ յուրաքանչյուր ծնող հանգիստ լինի, որ իր որդին քաղցած չի մնա բանակում, չի սառչի, անպատրաստ` առանց տեսական ու գործնական գիտելիքների, չի կանգնի խրամատում հերթապահության: