Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ուշադիր հետևել է Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի հետ կապված իրադարձություններին: «Տեսանք, ինչպես Ռուսաստանն ու Ադրբեջանը համաձայնության չեկան, ու կայանի գործունեությունը դադարեցվեց կամ ժամանակավորապես ընդհատվեց: Ինչ վերաբերում է խոսակցություններին, որ նման կայան կարող է Հայաստանում տեղակայվել` դա ՀՀ և ՌԴ ղեկավարության հարցն է: Մենք դեմ չենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սեյրան Օհանյանը:
Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը Գաբալայի փոխարեն Հայաստանի տարածքում նոր ռադիոլոկացիոն կայան կառուցելու հնարավորությունը իրատեսական չի համարում: Ավելի վաղ PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում փորձագետը իր այս կարծիքը հիմնավորել էր այն հանգամանքով, որ 2013-ի առաջին ամիսներին արդեն ՌԴ հարավում կսկսի գործել Արմավիրի ռադիոտեղորոշիչ կայանն ու կծածկի այն տարածքը, որը Գաբալայի կայանն էր ծածկում: «Նման մեկ այլ կայան Հայաստանի տարածքում կառուցելն ուղղակի նպատակահարմար չէ»,- ասել էր Դավիթ Ջամալյանը: