18 հունվարի 2013 - 21:51 AMT
«Հայաստանի հարավային երկաթուղի» և «Հայաստանի հարավային արագընթաց ճանապարհ» ծրագրերի մեկնարկը տրված է

Հունվարի 18-ին տեղի է ունեցել «Հայաստանի հարավային երկաթուղի» և «Հայաստանի հարավային արագընթաց ճանապարհ» ծրագրերի մեկնարկի շնորհանդեսը, որի ընթացքում Հանրապետության նախագահի հանձնարարությամբ, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հայտարարել է 3 միլիարդ ԱՄՆ դոլար արժողությամբ «Հայաստանի հարավային երկաթուղի» և «Հայաստանի հարավային արագընթաց ճանապարհ» ծրագրերի մեկնարկի մասին:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության և Արաբական Միացյալ Էմիրություններում գրանցված «Ռասիա ՖԶԷ» ընկերության միջև ստորագրվել են «Հայաստանի հարավային արագընթաց ճանապարհի» և «Հայաստանի հարավային երկաթուղու» կոնցեսիոն պայմանագրերը, որոնց գործունեության ժամկետն է 30 տարի՝ շինարարության ավարտից հետո: «Ռասիա ՖԶԷ» ընկերությունը կիրականացնի «Հայաստանի հարավային երկաթուղու» և «Հայաստանի հարավային արագընթաց ճանապարհի» ֆինանսավորումը, նախագծումը, կառուցումը և շահագործումը: «Ռասիա ՖԶԷ» ընկերությունը ստորագրել է պայմանագիր՝ միջազգային ասպարեզում երկաթուղիների, արագընթաց ճանապարհների, թունելների, կամուրջների կառուցմամբ մասնագիտացած «Չինաստանի հաղորդակցային շինարարական ընկերության» հետ: Արդեն իսկ բազմամիլիոն արտարժութային ներդրումներ պահանջող իրագործելիության ուսումնասիրության շուրջ աշխատանքները կապալառուի կողմից մեկնարկել են 2012թ. դեկտեմբերին, և պետք է իրականացվեն 18 ամիս ժամկետում։

Նախարար Գագիկ Բեգլարյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը հատուկ ուշադրություն է դարձնում այս կարևորագույն ծրագրերի իրագործմանը և պատրաստ է ամեն ինչ անել դրանց ապահով և փոխշահավետ իրականացման համար: «Կարևորագույն այս երկու ծրագրերի իրականացումը նախատեսված է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրում, և դրանց իրագործումը երկրի ռազմավարական խոշորագույն հեռանկարներից է: Մենք կողջունենք և ամեն կերպ կնպաստենք յուրաքանչյուր կազմակերպության, գործարարի մասնակցությունը մեր և տարածաշրջանի համար կարևորագույն այս ծրագրերի իրագործմանը»,-ասաց Գ.Բեգլարյանը:

Նա նշել է, որ ծրագրերի իրականացման արդյունքում ունենալու ենք Սև ծովի նավահանգիստներից դեպի Պարսից ծոցի նավահանգիստներ կատարվող փոխադրումների ամենակարճ երթուղին՝ օգտագործելով Հայաստանի ստրատեգիական դիրքի ողջ պոտենցիալը, ինչը կհանգեցնի տրանսպորտային ծախսերի և ժամանակի խնայողության զգալի բարելավման: «Մեր երկիրը զգալի արտադրական, հանքային և հումքային պաշարներ ունի, որոնց լիարժեք շահագործման և արտահանման համար անհրաժեշտ են ժամանակակից բարձրակարգ հաղորդակցության ուղիներ»,- ընդգծել է նախարարը:

«Ռասիա ՖԶԷ» ներդրումային ընկերության նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն Ջոզեֆ Բորկովսկին նույնպես կարևորել է նախագծերի իրականացումը. «Երկաթուղու կառուցման տեխնիկական ուսումնասիրությունն արդեն սկսվել է և կտևի 1,5 տարի, ևս մեկ տարի կտեւի ճանապարհի կառուցման տեխնիկական ուսումնասիրությունը: Մենք համագործակցելու ենք Տրանսպորտի և կապի նախարարության հետ՝ ծրագիրը ժամանակին ավարտելու, միաժամանակ համապատասխան որակ ապահովելու համար»,- ասել է Ջ. Բորկովսկին:

Ծրագրերի շնորհանդեսի ավարտին ստորագրվել է նաև «Հայաստանի արագընթաց ճանապարհի» և «Հայաստանի հարավային երկաթուղու» զարգացմանն ուղղված տարածաշրջանային համագործակցության մասին եռակողմ փոխըմբռնման հուշագիր ՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության, «Ռասիա ՖԶԷ» ընկերության և «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի միջև, որով կողմերը պարտավորվել են համագործակցել նշված նախագծերի իրականացման հարցում: