19 հունվարի 2013 - 13:22 AMT
Փորձագետ. Որ կողմը Ղարաբաղի հարցում Վրաստանին պահանջ ներկայացնի` կտուժի

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի առաջին այցից մեծ սպասելիքներ պետք չէր ունենալ, պետք չէր սպասել, որ ինչ-որ խնդիր կլուծվի: Փետրվարին մեր ԱԳ նախարարի այցից հետո է կարելի սպասել իրական քայլերի: Կարծիքը Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանինն է, ով այսօր ասուլիսի ժամանակ դրական գնահատեց միջպետական այցի ընթացքում հնչած հայտարարություներն ու ստորագրված փաստաթղթերը:

Փորձագետը հայ-վրացական հարաբերությունների համատեքստում խոսեց նաև Ադրբեջանի մասին: «Վրաստանի նոր իշխանությունները փորձում են Ադրբեջանին հասկացնել` որքան իրենք ներդրումների կարիք ունեն, այնքան էլ Ադրբեջանը Վրաստանի տարածքի կարիքն ունի»,- ասաց նա:

Այս տարի լրանում է էժան գնով (145 դոլար` 1000 քառ. խմ համար) գազ ձեռք բերելու վերաբերյալ Ադրբեջանի հետ Վրաստանի կնքած պայմանագրի ժամկետը: Փորձագետի կարծիքով` Վրաստանի իշխանությունները հասկանում են, որ Ադրբեջանից նման կախվածության մեջ չպիտի լինեն: Իսկ Ադրբեջանի շանտաժը` Ղարաբաղի հարցում Վրաստանից շահեկան դիրք կորզելու համար հակառակ արդյունքը կունենա: «Ադրբեջանը չի բարձրացնի Վրաստանին վաճառվող գազի գինը, քանի որ այդ դեպքում ավելի կլարվեն վրաց-ադրբեջանական հարաբերությունները: Որ կողմը Ղարաբաղի հարցում Վրաստանին պահանջ ներկայացնի` կտուժի»,- ասաց Ջոնի Մելիքյանը: