20 հունվարի 2013 - 16:06 AMT
Զաքարեիշվիլի. Աբխազական երկաթուղին քաղաքականությունից դուրս տնտեսական նախագիծ է

Վրաստանի ռեինտեգրացիայի հարցերով պետնախարար Պաատա Զաքարեիշվիլին հայտարարել է, որ Աբխազիայի տարածքով երկաթուղայն հաղորդակցության վերականգնումը տնտեսական նախագիծ է և այն չի իրականանա, եթե ձեռք բերի քաղաքական երանգավորում:

Պետք է նշել, որ Աբխազիան կոնկրետ առաջարկներ է սպասում Թբիլիսիի կողմից: Այդ մասին վերջերս հայտարարել է Աբխազիայի առաջնորդ Ալեսքանդր Անկբավը: Նրա խոսքով, «եթե ինչ-որ կոնկրետ առաջարկներ լինեն, ապա կոլեկտիվ կնստենք և կքննարկենք դրանք»:

«Եթե Անկբավը ցանկանում է կոլեկտիվ խոսել երկաթուղու մասին, դա սովորական բան է: Մեզ համար գլխավորը նրանց կողմից արձագանք ստանալն էր, ինչն արդեն կարելի է դրական փաստ համարել: Դա նշանակումէ, որ արդեն կարելի է աշխատել այդ ուղղությամբ: Ես բազմաթիվ ազդակներ եմ ստանում Աբխազիայի կողմից տարբեր աղբյուրներից: Մենք առայժմ դրսում ենք կանգնած, հիմա պետք է մտնել գործընթացի մեջ: Մենք պետք է ուսումնասիրենք, արդյոք կա վրացական կողմի մեղքը նրանում, որ երկաթուղին չի վերականգնվել, թե դա Ռուսաստանի մեղքն է: Միգուցե աբխազներն են խանգարել: Բոլոր հարևան պետությունների շահերը պետք է հաշվի առնել: Դա կլինի չափազանց համալիր հարց»,- ասել է պետնախարարը:

Նրա խոսքով, Աբխազիայի տարածքով երկաթուղու վերականգնման հարցն ունի նաև բացասական կողմեր:

«Երկաթու հարցն ունի նաև բացասական կողմեր: Բնականաբար, առկա են ռիսկեր, բայց էլ ինչ քաղաքական գործիչ, եթե չի հաշվարկում ռիսկերը»,- հայտարարել է Զաքարեիշվիլին, հաղորդում է abkhazeti.info-ն:

«Օրինակ, ռիսկ կարող է լինել այն, որ աբխազները հարցականի տակ են դնում երկաթուղու վերականգնմանը որպես անկախ կողմ մասնակցելու հարցը: Այդ դեպքում վրացական կողմը կարող է նրան ասել «ցտեսություն»՝ տնտեսություն կամ քաղաքականություն»,- ասել է նա:

Նա նշել է, որ դա հնարավոր է, քանի որ գոյություն է ունեցել էրգնետյան շուկա քաղաքականությունից դուրս, ուստի տնտեսական հարցի լուծումն առանց քաղաքականության լիովին հնարավոր է:

Նախարարը հայտարարել է, որ տվյալ պահին երկաթուղու բացման մասին հարցը ոչ մի տեղ չի քննարկվում և գոյություն ունեն միայն տարբեր գաղափարներ: Նրա խոսով, տվյալ հարցը վաղ թե ուշ անպայման կդրվի օրակարգում: «Մենք չգիտես ինչու ավելի շատ արձագանքում ենք նրան, ինչ ասում են Ռուսաստանում, քան Վրաստանում: Ոչ մի համաձայնագիր չի կարող բացել Հայաստանի և Վրաստանի միջև երկաթուղին առանց Աբխազիայի: Հայաստանը, բնականաբար, շահագրգռված է երկաթուղու բացման մեջ, բայց Վրաստանը նույնպես հետաքրքրված է: Մենք ինչու չպետք է անդրադառնանք Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու հարցին: Չեմ հասկանում, թե լրագրողներն ինչու են դրա տակ կասկածելի բան տեսնում: Բոլոր հարցերը, որոնք լրագրողների մոտ ծնվում են հինգ րոպեի ընթացքում, ինձ մոտ ծագել են 20 տարվա ընթացքում»,- ասել է Զաքարեիշվիլին: