20 հուլիսի 2005 - 07:57 AMT
ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 6-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՆԱԼ ԸՆԹԱՑԻԿ ՏԱՐՎԱ ԱՇՆԱՆԸ
Նախօրեին Երեւանում տեղի է ունեցել Կասպից ծովի հարցերով ԻԻՀ հատուկ ներկայացուցիչ Մեհդի Սաֆարիի հանդիպումը Հայաստանի նախագահի ապարատի ղեկավար Արտաշես Թումանյանի հետ, որը նաեւ երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի հայկական պատվիրակության նախագահն է: Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների հարցեր, այդ թվում եւ համատեղ ծրագրեր գազի, էլեկտրաէներգիայի ոլորտներում եւ իրկագործման փուլում գտնվող էլեկտրակայանի կառուցման գործում: Երկու կողմերը դրական են գնահատել համագործակցության ընթացքը, հանդես են եկել Իրանի եւ Հայաստանի կապերի հետագա զարգացման օգտին եւ հույս են հայտնել, որ հայ-իրանական տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի 6-րդ հանդիպումը տեղի կունենա ընթացիկ տարվա աշնանը, ԻՀԻ նոր կառավարության ձեւավորումից հետո, հաղորդում է Իռնան: