«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հոովհաննիսյանը վստահ է, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունը պայքարով վերադարձվելու է Հայաստանի ժողովրդին: Հենց այս համոզմունքով է Րաֆֆի Հովհաննիսյանը սկսում իր նախընտրական քարոզարշավը: Այն մեկնարկել է այսօր Արամ Խաչատրյանի արձանի մոտից:
«Սա հայ ժողովրդի պայքարն է` այսօրվա և վաղվա միջև ընտրություն, ստվերի և լույսի, ողորմության և իրավունքի, նախագահի բարձր հովանու և սահմանադրական նոր օրենքի միջև ընտրություն է, և ոչ երբեք Սերժի և Րաֆֆու կամ որևէ այլ մրցակցի միջև....»,- քարոզարշավն այս վստահությամբ սկսեց նախագահի թեկնածուն:
Լրագրողների հետ զրույցում նախագահի թեկնածուն ասաց, որ նամակներ են հանձնվել գործող նախագահ Սերժ Սարգսյանին, ԱԱԾ ղեկավար Գորիկ Հակոբյանին և ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին` առաջարկելով, որ իրենք ևս խստագույնս հարգեն օրենքը և, եթե «որևէ մարդ` մարզպետ, գյուղապետ, քաղաքապետ, որևէ պաշտոնյա ուղղորդվի դեպի խախտում, ահաբեկում, ապա կնշանակի, որ այս ընտրությունները գոյություն չունեն»:
Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց. «Եթե ընտրությունները բացահայտ կեղծվեն, թեև ավելի հավանական է, որ կեղծվեն թաքուն, բոլորը կստանան իմ պատասխանը, որն ուղղված կլինի առաջին հերթին ՀՀ քաղաքացուն, ապա` միջազգային հանրությանը»:
Ըստ նախագահի թեկնածուի` եթե հասարկությունն անտարբերությունից դուրս գա, ապա այդ մասնակցությունը կհաղթի կեղծիքին: