20 հուլիսի 2005 - 09:46 AMT
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԳԾՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ
2005 թվականի սեպտենբերի 19-23 Երեւանում տեղի կունենա «Ինֆորմատիկա եւ տեղեկատվական տեխնոլոգիաներ» (CSIT 2005) միջազգային գիտաժողովը: Այդ մասին «.am»PanARMENIAN.Net -ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի գիտաշխատող Մարիամ Հարությունյանը: Տվյալ միջոցառման նախաձեռնողներն ու կազմակերպիչներն են ՀՀ ԳԱԱ-ն եւ ՀՀ ինֆորմատիկայի եւ ավտոմատացման խնդիրների ինստիտուտը: Նրա խոսքերով, գիտաժողովին արդեն հրավիրվել են գիտնականներ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Շվեյցարիայից, Հնդկաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Կանադայից, Ավստրալիայից, Ֆինլանդիայից եւ Ուկրաինայից: Գիտաժողովի հիմնական առաքելությունը այդ ոլորտում զբաղված գիտնականների միջեւ գիտական եւ տեխնոլոգիական տեղեկատվության փոխանակումն է: Քննարկումների եւ զեկույցների թեմա կդառնան ալգորիթմները, դիսկրետային մաթեմատիկան եւ կոմբինատոր վերլուծությունը, տեղեկատվական տեսությունը եւ կոդավորման տեսությունը, արհեստական ինտելեկտը եւ կառավարման համակարգերը, պատկերի մշակումը, տվյալների բազան, գիտական հաշվարկները, հեռահաղորդակցությունը, ցանցի կազմակերպումը, տեղեկատվական տեխնոլոգիաները եւ դրանց կիրառումը: