24 հունվարի 2013 - 14:43 AMT
Դանիայում կայանալիք միջազգային մրցաշարին մասնակցելու են 10 հայ հրաձիգներ

Փետրվարի 8-10-ը կայանալու է Հայաստանի հրաձգության առաջնությունը, իսկ փետրվարի 25-ից մինչև մարտի 3-ը հայ հրաձիգները մեկնելու են Դանիա, որտեղ կայանալու է միջազգային մրցաշար: Այնտեղ հանդես են գալու 10 հայ մարզիկներ` Սվետլանա Տիգրանյանը, Կարինե Պողոսյանը, Աննա Հակոբյանը, Լիլիթ Մկրտչյանը, Իրինա Աղաջանյանը Արթուր Պետրոսյանը, Հրաչիկ Բաբայանը, Շանթ Սարգսյանը, Ռազմիկ Մինասյանը և Սուրեն Բերյանը:

Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում նշեց հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը, Դանիայում հիմնականում հանդես են գալու երիտասարդ հրաձիգներ: Մրցաշարին Հայաստանի հավաքականը նախապատրաստվելու է Երևանի հրաձգության մարզադպրոցում:

«Մրցաշարի մասնակիցներին մենք նախապես ենք ընտրել` 2012 թվականին նրանց ցույց տված արդյունքների հիման վրա: Այս մրցաշարից հետո մենք վերադառնալու ենք Երևան և շարունակելու հավաքները, իսկ մայիսին մասնակցելու ենք աշխարհի գավաթի խաղարկությանը»,- ասաց հավաքականի գլխավոր մարզիչը: