24 հունվարի 2013 - 15:35 AMT
Կատալոնիայի խորհրդարանը հավանություն է տվել տարածքի ինքնիշխանության խորհրդանշական հռչակագրին

Իսպանական Կատալոնիա նահանգի խորհրդարանը հավանություն է տվել տարածքի խորհրդանշական ինքնիշխանության հռչակագրին` այդպիսով ճանապարհ բացելով Իսպանիայից անկախանալու հարցով հանրաքվե անցկացնելու համար: Այդ մասին գրում է The Guardian-ը:

Հռչակագրին «կողմ» է քվեարկել 85 մարդ, «դեմ»` 41, երկու պատգամավոր ձեռնպահ է մնացել: Հռչակագիրն ինքնին խորհրդանշական է, սակայն, ինչպես սպասվում է, այն կհանգեցնի Բարսելոնայի և Մադրիդի կենտրոնական կառավարության միջև դիմակայության սրման:

Կատալոնիայում անջատողական տրամադրությունները գոյություն ունեն մի քանի դար: Վերջին տարիներին Բարսելոնան ավելի ակտիվ է հայտարարում Իսպանիայից առանձնանալու հնարավորության մասին ֆինանսական ճգնաժամի պատճառով: Կատալոնիան երկրի առավել զարգացած նահանգներից է` ապահովելով Իսպանիայի ՀՆԱ 20 տոկոսը, հաղորդում է Lenta.ru-ն: