25 հուլիսի 2005 - 08:01 AMT
Ա.ՄԱՐԳԱՐՅԱՆ. ԲՈՒՇԻ ԴԵՄ ՄԱՀԱՓՈՐՁ ԿԱՏԱՐԱԾ Վ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ
Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, որը գտնվում է Վրաստանում աշխատանքային այցով, ստիպված է եղել Բորժոմում պատասխանել լրագրողների հարցերին, կապված ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի դեմ կատարված մահափորձի հետ` այդ գործով մեղադրվող Վլադիմիր Հարությունյանի ազգային պատկանելության, ինչպես նաեւ մայիսի 10-ին Թբիլիսիի Ազատության հրապարակում նրա նետած նռնակի վերաբերյալ: Մեկնաբանելով վրացական եւ ամերիկյան քննչական մարմինների ներկայացուցիչների հայտարարությունները, թե РГД-5 նռնակը, որը Հարությունյանը նետել էր ԱՄՆ նախագահի ուղղությամբ, պատրաստվել է Հայաստանում, Հայաստանի վարչապետը հարցրեց.«Իսկ ինչու՞ Հայաստանում: Գուցե՞ Չինաստանում»: Անդրանիկ Մարգարյանը նաեւ ընդգծել է, որ Վլադիմիր Հարությունյանը Վրաստանի քաղաքացի է եւ իրեն հայտնի չեն նրա արարքի դրդապատճառները: «Նրա գործողությունները ոչ մի կերպ կապված չեն ոչ Հայաստանի, ոչ էլ հայ ժողովրդի հետ»,-հայտարարել է նա: Հիշեցնենք, որ ավելի վաղ նռնակի «հայկական ծագման» մասին լուրերը հերքել էին նաեւ Հայաստանի պաշտպանության նախարարությունում: Նախարարությունը նշել էր, որ Հայաստանում նռնակներ ընդհանրապես չեն արտադրվում: Թբիլիսիի 27-ամյա բնակիչ Վլադիմիր Հարությունյանին դատախազության ներկայացուցիչները առաջադրել են հետեւյալ մեղադրանքները` հրազենի, զինամթերքի, պայթուցիկ նյութերի կամ սարքերի ապօրինի ձեռքբերում, պահում, կրում, պատրաստում, տեղափոխում կամ սպառում, կանխամտածված սպանություն ծանրացուցիչ հանգամանքներում: Ձերբակալման ժամանակ Հարությունյանը զինված դիմադրություն է ցույց տվել եւ սպանել է Վրաստանի ՆԳՆ հակահետախուզության դեպարտամենտի միջազգային ահաբեկչության դեմ պայքարի վարչության օպերատիվ բաժնի պետ, 37-ամյա Զուրաբ Կվլիվիձեին: Նրան սպառնում է ցմահ բանտարկություն, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: