25 հուլիսի 2005 - 12:24 AMT
ՋԱՎԱԽՔԻ ՀԱՅԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԿԼՈՒԾՎԵՆ ԱՌԱՋԻԿԱ ՏԱՐԻՆԵՐԻՆ
Շարունակվում է Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի աշխատանքային այցը Վրաստան: ՀՀ վարչապետը Թբիլիսիում հանդիպումներ է ունեցել Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլիի եւ այդ երկրի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեի հետ: Ամփոփվել են այցի առաջին օրը Ջավախքում Հայաստանի եւ Վրաստանի վարչապետների աշխատանքային հանդիպման արդյունքները, քննարկվել` տարբեր բնագավառներում հայ-վրացական համագործակցությանն առնչվող հարցեր: Այցի առաջին օրը Անդրանիկ Մարգարյանը եւ իր վրաց գործընկերը` Զուրաբ Նոգաիդելին մեկնել են Սաթխա գյուղ, որտեղ վարչապետները հանդիպում են ունեցել բնակչության հետ, լսել նրանց մտահոգող խնդիրները, ներկայացրել Հայաստանի եւ Վրաստանի կառավարությունների համագործակցությամբ` Ջավախքի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման մտադրությունները: Նման հանդիպումներ Անդրանիկ Մարգարյանը եւ Զուրաբ Նողաիդելին ունեցել են նաեւ Նինոծմինդայում եւ Ախալքալաքում: Բոլոր բնակավայրերում մարդկանց հուզում էին գրեթե նույն խնդիրները` կայուն աշխատանքով ապահովման, արտադրությունների հիմնման եւ ներդրումային ծրագրերի իրականացման, հայկական դպրոցների վերանորոգման ու նոր դպրոցների կառուցման ու այլ հարցեր: Ջավախքահայությանը հետաքրքրում էր նաեւ Կարս-Ախալքալաք-Թբիլիսի երկաթգծի կառուցման հեռանկարը: ՀՀ վարչապետը նշել է, որ Ջավախքում կայացած երկու վարչապետների համատեղ աշխատանքային այցը կնպաստի առաջիկա տարիների համար նախատեսվող` Ջավախքի սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանն ուղղված առաջնահերթ ծրագրերի առարկայական քննարկմանը: «Ծրագրերում տեղ են գտել եւ ճանապարհաշինության, եւ կրթության, եւ առողջապահության, եւ մշակութային խնդիրներ»,-նշել է նա եւ ավելացրել, որ դրանք իրենց լուծումները կգտնեն մոտակա տարիներին, հաշվի առնելով թե հազարամյակի ծրագրով, թե Վրաստանի կառավարության նախատեսած հատկացումները: Մենք կփորձենք մինչեւ սեպտեմբեր փորձագետների մակարդակով դպրոցական ծրագիրը վերահաստատել, եւ բնականաբար, Վրաստանի կառավարությանը կաջակցենք այս խնդիրները լուծելու համար: Խնդիրն այն Է, որպեսզի Ջավախքում ստեղծվեն կյանքի բնականոն պայմաններ, եւ այն ծրագրերը, որ Վրաստանի կառավարությունը պատրաստվում Է այստեղ իրականացնել, Հայաստանն իր աջակցությունը կբերի: Այս հարցում մենք կլինենք հետեւողական, ու կարծում եմ, որ աշխատանքները կլինեն շարունակական»,- մասնավորապես ասել է ՀՀ վարչապետը: