26 հուլիսի 2005 - 08:38 AMT
Ն.ԲՈՒՐՋԱՆԱՁԵ. ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ԲՈԼՈՐՈՎԻՆ ՃԻՇՏ, ԿՈՌԵԿՏ ԵՎ ԲԱՐԵԿԱՄԱԿԱՆ Է
Հայաբնակ Սամցխե Ջավախեթիի շրջանի խնդիրներն են քննարկել հուլիսի 25-ին տեղի ունեցած հանդիպմանը Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը եւ Վրաստանի խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեն: Զրույցի ընթացքում շոշափվել է նաեւ Սամսա գյուղում տեղի ունեցած միջադեպը, որտեղ վերջերս ծեծկռտուք է առաջացել վրացի ուսանողների եւ տեղի բնակչության միջեւ` տեղի եկեղեցու պատկանելիության առնչությամբ: Բուրջանաձեն հայտարարել է, որ գնահատում է Հայաստանի վարչապետի դիրքորոշումը Ջավախքի շրջանի հարցում: Նրա խոսքերով` «պետք չէ ուշադրությունը հատուկ կենտրոնացնել Սամսայում տեղի ունեցած շատ տհաճ փաստի վրա»: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ «բնակչության մեծ մասը բոլորովին ճիշտ դիրքորոշում է ցուցաբերել եւ պաշտպանել է ուսանողներին եւ այնտեղ գտնվող երիտասարդությանը սադրանքից` դա լուրջ ահազանգ է: Վրաստանի բնակչության արժանի ներկայացուցիչները ոչինչ չունեն կիսելու»: Բուրջանաձեն տեղեկացրել է, որ Ջավախքի շրջանում շատ շուտով կսկվի մի շարք նախագծերի իրագործում, մասնավորապես, ճանապարհների վերականգնումը: «Դրա համար Վրաստանը դիմել է ԱՄՆ-ին, որպեսզի իրականացնի նախագիծն առավելագույնս սեղմ ժամկետներում»,- նշել է խորհրդարանի նախագահը: Նրա խոսքերով` Հայաստանի վարչապետն առաջարկել է, որպեսզի Վրաստանի եւ Հայաստանի կառավարությունները, ինչպես նաեւ Վրացական եւ Հայ եկեղեցիները «վերանայեն եւ մեկընդմիշտ լուծեն այս կամ այն եկեղեցու պատկանելության մասին հարցը, որպեսզի ապագայում խուսափեն թյուրիմացությունից»: «Հայաստանի վարչապետի դիրքորոշումը բոլորովին ճիշտ, կոռեկտ եւ բարեկամական է: Ես կարեւոր եմ գտնում, որ Հայ եկեղեցին Վրացական եկեղեցու հետ միասին այդ հարցի շուրջ հանդես գա համատեղ հայտարարությամբ: Բոլորը պետք է հասկանան, որ երկպառակտություն բորբոքելը հայ եւ վրացի բնակչության միջեւ` նշանակում է ջուր լցնել մեր թշնամիների ջրաղացին»,- հայտարարել է Նինո Բուրջանաձեն, տեղեկացնում է «Նովոստի Գռուզիան»: