26 հունվարի 2013 - 13:12 AMT
Արամ Հարությունյան. Ովքեր չհանեն իրենց թեկնածությունը, ուրեմն մասնակցում են այս դեկորացիային

ՀՀ նախագահի թեկնածու, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը հերթական անգամ հիշեցրեց, որ թեկնածությունը կհանի փետրվարի 8-ին ժամը 17:00:

«Բոլորը պետք է հանեն իրենց թեկնածությունները և Սերժ Սարգսյանը պետք է մնա մենակ: Իսկ եթե չեն հանելու, ապա նշանակում է, որ նրանք մասնակցում են այս դեկորացիային: Ու ի՞նչ են ասելու նրանք, երբ գա փետրվարի 19-ը»,- ասաց Հարությունյանը:

Նա նշեց, որ եթե Րաֆֆի Հովհաննիսյանը, եթե չհանի իր թեկնածությունը, ապա ընտրություններից հետո կամ պետք է հացադուլ հայտարարի կամ էլ շնորհավորի Սարգսյանին ու մտնի կոալիցիա:

«Իսկ եթե բոլոր թեկնածուներն ընդունեն իմ առաջարկը, ապա ընտրություններից հետո պետք է համագործակցենք խորհրդարանական ուժերի հետ, որպեսզի նրանք բոյկոտեն ԱԺ նիստերը: Սրանից հետո այս քայլին հնարավոր է հետևի նաև ՀՀԿ-ն ու տեղի կունենան արտահերթ ԱԺ ընտրություններ»,- բացատրեց նա:

Ըստ նրա, այդ դեպքում երկիրը կկառավարի Սերժ Սարգսյանը, իսկ խորհրդարանում կլինեն այլ ուժեր ներկայացնող կուսակցություններ: