Փետրվարին թաեքվանդիստ Արման Յերեմյանը (80 կգ), ով անցած տարի Լոնդոնի Օլիմպիական խաղերում 5-րդ տեղն է զբաղեցրել, ուսումնամարզական հավաք է անցկացնելու Վլադիկավկազում: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հայաստանի թաեքվանդոյի ֆեդերացիայի փոխնախագահ և գործադիր տնօրեն Վարդան Ղահրամանյանը:
Այնուհետև հայ մարզիկը Եգիպտոսում մասնակցելու է միջազգային մրցաշարի: Հոլանդական Էյնթհովեն քաղաքում մարտի 17-18-ը կայանալիք 39-րդ բաց առաջնությանը մասնակցելու են Յերեմյանը և 63 կգ քաշային Հայկազ Սամվելյանը: Ղահրամանյանի խոսքով, հնարավոր է, որ Հայաստանի հավաքականի կազմում փոփոխություններ լինեն, և մասնակից մարզիկների թիվն ավելանա: Ապրիլ և մայիս ամիսներին կայանալու են Հայաստանի մեծահասակների, երիտասարդների և ավագ տարիքի պատանիների առաջնությունները: