Վարդան Սեդրակյանը շարունակում է «բացահայտումներ» անել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարեց, որ գործող նախագահ, ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանը հիշողության կորստով է տառապում կամ փորձում է վերափոխել սեփական կենսագրությունը: Էպոսեգետ-թեկնածուն հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը 1998-ին եղել է Լևոն Տեր-Պետրոսյանի շտաբում: «Ինչո՞վ էր նա զբաղվում»,- հարցրեց թեկնածուն, և ինքն էլ պատասխանեց իր հարցին. «Զբաղվել է առաջին նախագահի անվտանգության հարցերով: Հանձինս Սերժ Սարգսյանի՝ մենք գործ ունենք պարանոիկ հիվանդությամբ տառապող մարդու հետ»,- հայտարարեց Վարդան Սեդրակյանը:
Ասուլիսներին բացահայտումներ անելը դարձել է նախագահի թեկնածուի սիրելի զբաղմունքը, իսկ սեփական քարոզարշավի և ծրագրերի մասին նա խոսում է կարճ ու լակոնիկ: Իր այս վերաբերմունքը Վարդան Սեդրակյանը բացատրում է նրանով, որ մարդկանց պետք է հիշեցնել տեղի ունեցածը, հիշողությունը մթագնել է, իսկ ՀՀԿ թեկնածուն մարզերում քարոզում է, որ Հայաստանի ապագան կարող է ապահով լինել, եթե ինքը լինի նախագահ:
Նախագահի թեկնածուն ավելի վաղ հայտարարել էր, որ իր քարոզարշավի պաշտոնական մեկնարկը տրվելու է փետրվարի 1-ին: