4 օգոստոսի 2005 - 07:40 AMT
ՍՈՉԻՅՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԳԵՐԵԶՄԱՆՆԵՐԻ ԱՎԵՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԴՐԴԱՊԱՏՃԱՌՆԵՐ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ
«2005 թ.հուլիսի 29-ին գյուղական գերեզմանոցում տեղի ունեցած այս միջադեպում ես չեմ տեսնում ազգային բաղադրիչ»,-հայտարարել է Սոչի քաղաքի Բառանովսկի գյուղական մարզի ղեկավար Արտավազդ Պեհլիվանյանը Սոչի ք. վարչակազմի, իրավապահ մարմինների «Ռուսաստանի հայերի միության» համառուսաստանյան հասարակական կազմակերպության Սոչիի բաժանմունքի ներկայացուցիչների անցկացրած մամլո ասուլիսի ժամանակ: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը վկայակոչելով Սոչիի ՆԳՎ, մամլո ասուլիսին ներկա են եղել` Սոչիի Խոստայի շրջանի ՆԳԲ պետի տեղակալ, քրեական միլիցիայի պետ միլիցիայի գնդապետ Ալեքսանդր Ժուկովը, Սոչի քաղաքի Կենտրոնական շրջանի ՌՀՄ բաժանմունքի նախագահ Հովհաննես Չեպնյանը, Բարանովսկի գյուղական մարզի ղեկավար Արտավազդ Պեհլիվանյանը: Մամլո ասուլիսին հանդես է եկել Սոչիի Խոստայի շրջանի վարչակազմի ղեկավար Իգոր Սելեզնյովը, որը պատմել է տեղի ունեցածի հանգամանքների մասին եւ գնհատական տվել կատարվածին: «Վերին Յուրտ գյուղի գերեզմանոցում ավերվել է 29 տապանաքար: Նման բան կատարողները կորցրել են մարդկային կերպարանքը: Նման արարքները պետք է պատժվեն: Երբ նրանք գտնվեն, նրանց անպայման ցույց կտան տեղի հեռուստատեսությամբ` Սոչիի բնակիչները պետք է դեմքով ճանաչեն այդ «հրոսակներին»: Իգոր Սելեզնյովը նաեւ նշել է, որ ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որը մշտապես հետեւում է իրավիճակին, Խոստայի շրջանի ներկայացուցիչները եղել են Վերին Յուրտ գյուղում, շփվել են մարդկանց հետ: Ոչ մի ընտանիք, որոնց հարազատների հուշարձանները քանդվել են, առանց ուշադրության չի մնա` նրանց օգնություն կհատկացվի: Սոչիի Խոստայի ՆԳԲ պետի տեղակալ, քրեական միլիցիայի պետ, գնդապետ Ալեքսանդր Ժուկովը տեղեկացրել է ներկաներին միջադեպի հետաքննության մասին: «Ներկայումս իրավապահ մարմինները քննում են այդ հանցագործությունը: Ինչպես ցույց է տալիս իրողությունը, նման հանցավոր գործողությունների մեծ մասը կատարվում են խուլիգանական դրդումներով, որպես կանոն` անչափահասների կամ երիտասարդների խմբի կողմից: Մենք ունենք նման հանցագործությունների բացահայտման փորձ: Վերջիններից մեկը կատարվել էր այս տարվա ապրիլին Կենտրոնական շրջանի գերեզմանատանը: Շնորհիվ այն բանի, որ քաղաքացիները ժամանակին էին դիմել միլիցիա, մեղավորները բացահայտվել էին, հանցագործությունը բացայատվել էր «տաք հետքերով», այժմ նրանք արդեն դատապարտված են»: Խոստայի շրջանում գերեզմանների ավերման փաստով հարուցվել է քրեական գործ ՌԴ ՔՕ 244 հոդվածով: Ներկայումս միլիցիան տեղեկատվություն է հավաքում, վերլուծվում են առարկայական ապացույցները, հավաքված հանցագործության վայրից, այդ թվում տարվում է տապանաքարերի վրա թողած գրությունների ձեռագրաբանական հետազոտություն»: Չմանրամասնելով, Ա.Ժուկովը նշել է, որ հանցագործների որոնումը տարվում է տարբեր ուղղություններով, ներգրավված է Խոստայի ՆԳՇԲ անձնակազմը եւ կից ուժեր: Ելույթի ընթացքում Ժուկովը ընդգծել է, որ հետաքննությունը չի հայտնաբերել կատարվածի ազգային դրդապատճառներ` գերեզմանը հին է, այնտեղ քանդվել են ոչ միայն հայկական գերեզմանոցները, այլ նաեւ ռուսական: Այդ մասին են վկայում այնտեղ արված գրությունները` «Շիզոֆրենիա»: Այժմ հետաքննությունը դիտարկում է մի քանի վարկած, հիմնականները հետեւյալն են` հանցագործությունը կատարել են կամ հոգեբանական շեղումներով անձինք, կամ էլ խուլիգանական դրդապատճառներով: Պատասխանելով լրագրողների հարցերին, Արտավազդ Պեհլիվանյանը նշել է նաեւ, որ գերեզմանատանը թաղված են տարբեր ազգությունների եւ դավանանքի մարդիկ, նա նույնպես չի տեսնում այստեղ ազգայնական դրսեւորումների նշաններ: Օգտվելով առիթից, Ա.Պեհլիվանյանը դիմել է տուժած ընտանիքներին հետաքննության արդյունքներին համբերատար սպասելու խնդրանքով, ինչպես նաեւ ԶԼՄ-ներին` այս միջադեպը ազգային թշնամանք բորոբոքելու համար չօգտագործելու խնդրանքով: Ամփոփելով Պեհլիվանյանը նշել է, որ տուժածներին նյութական օգնություն եւ բարոյական աջակցություն կտրամադրվի: Նրա խնդրանքին միացել են Սոչիիի Կենտրոնական շրջանի «Ռուսաստանի հայերի միության» բաժանմունքի նախագահ Ստեփան Կակոսյանը եւ Սոչիի Խոստայի շրջանի «Ռուսաստանի հայերի միության» բաժանմունքի նախագահ Հովհաննես Չեպնյանը, որոնք նշել են նաեւ, որ չեն տեսնում այս միջադեպում ազգայնական դրսեւորումներ եւ խոստացել են աջակցել քանդված հուշարձանների վերականգնմանը: «Հանցագործը չունի հավատք եւ ազգություն: Այս հանցագործությունը կատարողները պետք էհամապատասխան պատիժ կրեն»,-հայտարարել է Ս.Կակոսյանը: Ավարտելով մամլո ասուլիսը, Ա.Ժուկովը դիմել է քաղաքի բնակիչներին այդ հանցագործության մասին ցանկացած տեղեկատվություն Խոստայի շրջանի իրավապահ մարմիններին կամ Սոչիի ՆԳՎ վստահության հեռախոսով հայտնելու խնդրանքով եւ հավաստիացրել է, որ Սոչիի միլիցիան կանի հնարավորը այդ հանցագործությունը բացահայտելու եւ մեղավոր անձանց պարզելու ուղղությամբ: Հիշեցնենք, որ դեռեւս անհայտ անձնաց կողմից քանդվել է 29 տապանաքար Սոչիի Խոստայի շրջանի Վերին Յուրտ գյուղից 5 կմ հեռավորության վրա գտնվող գերեզմանատանը: Ինչպես արդեն հաղորդվել է, գերեզմանների մեծամասնությունը (եղած տվյալներով 29-ից 28) պատկանում են հայազգի անձնաց: