ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վիճակն այս պահին միջին կայուն է, նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին ասաց Հայրիկյանի մամուլի խոսնակ Մանյա Այվազյանը: Նա ասաց նաև, որ նախագահի թեկնածուին չեն վիրահատում: Հարցին, թե չկա արդյոք դրա անհրաժեշտությունը, Այվազյանն ասաց, որ բժիշկներն այդ հարցը չեն մեկնաբանում: Նա հավելեց, որ չի կարող ասել, գիտակցության եկել է արդյոք Հայրիկյանը, թե` ոչ, քանի որ բժիշկները դեռ "ռեալ բան չեն ասում": Բժշկական կենտրոնի ընդունարանում, սակայն, ասացին, որ նախագահի թեկնածուի գիտակցությունը տեղում է:
Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել էր ՀՀ Ոստիկանության հասարակայնության ու լրատվության հետ կապերի բաժնի պետ Աշոտ Ահարոնյանը, ժամը 23.30-ի սահմաններում Կենտրոն վարչական շրջանում` Տպագրիչների փողոցում, կրակել էին Պարույր Հայրիկյանի վրա: Անրակի շրջանում հրազենային վնասվածքով ՀՀ նախագահի թեկնածուին տեղափոխել էին Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Դեպքի վայրում այս պահին էլ աշխատում են ոստիկանները: Հանգամանքները դեռ պարզվում են: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: