2 փետրվարի 2013 - 15:52 AMT
Ընտրական գործընթացի մասնակիցների համար ձեռնարկներ ու ուղեցույցներ են տպագրվել

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր հանդիպել է 2013թ. փետրվարի 18-ի Հանրապետության նախագահի ընտրություններին որպես դիտորդ հավատարմագրված տեղական հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև ընտրական գործընթացներով հետաքրքրված այլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում Տիգրան Մուկուչյանը ներկայացրել է հանձնաժողովի կողմից իրականացրած ընտրությունների նախապատրաստական աշխատանքները` հատկապես կարևորելով ընտրական գործընթացի մասնակիցների համար տպագրված ձեռնարկներն ու ուղեցույցները, ինչպես նաև տեղամասային ընտրական հանձաժողովների անդամների և դիտորդների համար կազմակերպվող մասնագիտական դասընթացները: Քննարկվել են նաև ընտրողների ցուցակների ճշգրտման ու անճշտությունների վերացման հետ կապված հարցեր, հստակեցվել են դիտորդների իրավունքները, պարտականությունները և գործունեության երաշխիքները: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հանդիպման ավարտին ևս մեկ անգամ ընդգծել է դիտորդական առաքելությունների ներկայացրած զեկույցների և դրանցում զետեղված առաջարկությունների կարևորությունը ընտրությունների կազմակերպման հատագա աշխատանքներում: Այս մասին հայտնում են ԿԸՀ մամուլի ծառայությունից: