4 փետրվարի 2013 - 09:52 AMT
Ահմեդ Թյուրք. Հայերից ներողություն խնդրելը պատմական անհրաժեշտություն է

Քյուրդ հեղինակավոր գործիչ, Թուրքիայի վարչապետ Էդողանի և Քրդական բանվորական կուսակցության (PKK) կալանավորված ղեկավար Աբդուլա Օջալանի միջև բանակցությունների գլխավոր միջնորդ, Թուրքիայի ազգային մեծ ժողովում Մարդինի պատգամավոր և Դեմոկրատական հասարակություն կուսակցության առաջնորդ Ահմեդ Թյուրքը խոսել է 1915թ. Հայոց ցեղասպանությունում քյուրդերի ունեցած դերի մասին:

Ստամբուլում հրատարակվող թուրքական «Միլլիեթ» օրաթերթը տեղեկացնում է` Ահմեդ Թյուրքը, ով Իմրալիում ցմահ բանտարկված ՔԲԿ առաջնորդ Աբդուլա Օջալանի հետ հանդիպելուց հետո, ավելի շուտ ճանաչված է որպես խաղաղության բանագնաց, «IMC-TV» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է. «Արդեն պահն է, որ մենք, բոլորս ճիշտ ընթերցելով պատմությունը, ընդունենք անցյալի իրականությունները: Մեր հայրերը և նախնիները օսմանցիների միջոցով օգտագործվել են հայերի, ասորիների և եզդիների ջարդերում»:

Թյուրքը նաև հայտարարել է. «Ընդունենք որ մեր նախնիների ձեռքերը ներկվել են հայերի, ասորիների և եզդիների արյունով, և մենք որպես նրանց զավակները և թոռները պարտականություն ունենք ազնվությամբ և համարձակությամբ ներողություն խնդրել նրանց ժառանգորդներից: Իմ կարծիքով այս ներողության ընդունումը մեծ և հեղաշրջող նշանակություն ունի և կարող է փոփոխություն մտցնել մեր ապագայի հասարակական և մշակութային հաշվարակներում»:

Թեհրանի «Արաքս» շաբաթաթերթը հաղորդում է` Թյուրքը հույս է հայտնել, որ Թուրքիան նույնպես կընդունի իրականությունը, հայերից ներողություն խնդրելը նա պատմական անհրաժեշտություն է համարել: «Թուրքիայի պետությունը չի կարող հերքել այն իրականությունը, որ օսմանական ժամանակաշրջանում պետության հրամանով տասնյակ հազարավոր հայեր, ասորիներ և եզդիներ կոտորվել են: Եվ քանի որ նման մեծ ողբերգությունը պատահել է նախքան Թուրքիայի հանրապետության հիմնվելը, ուստիև ներողություն խնդրելը չպիտի դժվար և անկարելի լինի»,- եզրափակել է Ահմեդ Թյուրքը: