
ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը ցանկանում է, որ Պարույր Հայրիկյանը, ում վրա հունվարի 31-ին մահափորձ էր իրականացվել, դիմի Սահմանադրական դատարան` նոր ընտրությունենր կազմակերպելու համար: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ թեկնածուն հայտարարեց, որ Պարույր Հայրիկյանն այդպես կիրագործեր իր երկրորդ և անկախությունից ոչ պակաս արժեքավոր առաքելությունը:
Ավելի վաղ նման ցանկություն էր հայտնել նաև հացադուլավոր թեկնածու Անդրիաս Ղուկասյանը: Նա Պարույր Հայրիկյանին բաց նամակ էր գրել, որում ասված է. «Այդ դեպքում ես հնարավորություն եմ տեսնում ինձ համար, հետևելով Ձեր հորդորին, դուրս գալ հացադուլից և մինչև նոր ընտրությունները ընկած ժամանակահատվածում միասնական պայքար սկսել, չթույլատրել, որ ընտրակաշառք բաժանող և հակասահմանադրական գործունեություն իրականացնող կուսակցությունները մասնակցեն նոր նշանակված ընտրություններին: Համոզված եմ, որ սա է հանրության համար իր քաղաքական ապագան ազատ ընտրելու հնարավորությունն ապահովող ճանապարհը»:
Հիվանդանոցում PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Հայրիկյանը բացառել էր նոր ընտրություններ կազմակերպելու սցենարը: «Ես որքան էլ վատ լինեմ դա չեմ անի, որովհետև այս գործողության մեջ տեսնում եմ նաև այդ նպատակադրումը. թեկնածուներից մեկին վերացնեն, ստիպված պիտի նոր առաջադրումներ լինեն, ընտրությունն էլ զրոյից սկսվի»: Պարույր Հայրիկյանն ասաց, որ իր ինքնազգացությունը հաշվի առնելով, երկուշաբթի, ամենաուշը երեքշաբթի բոլոր հարցերին վերջնական պատասխան կտա: «Կամ դիմում կգրեմ ՍԴ` երկու շաբաթ հետաձգելու խնդրանքով, կամ էլ իմ մեջ ուժ կգտնեմ, որ նույնիսկ այդ հետաձգումը տեղի չունենա»,-ասաց նախագահի թեկնածուն:
Ինչ վերաբերում է քարոզարշավը երկու շաբաթով հետաձգելուն, ապա վաղն արդեն Հայրիկյանը կհայտնի դիմում է ՍԴ, թե` ոչ: