4 փետրվարի 2013 - 18:54 AMT
Ադրբեջանցի կինը սպիտակ դրոշը ձեռքին փորձել է անցնել ԼՂՀ տարածք

Ադրբեջանի իրավապահ մարմինները Աղդամի ուղղությամբ շարժվելու ժամանակ ձերբակալել են 76-ամյա Զարիֆա Սաֆարալիևային, ով սպիտակ դրոշը ձեռքին փորձել է անցնել Լեռնային Ղարաբաղի տարածք: Այս մասին հաղորդում է ադրբեջանական «Ազադլիգ» թերթն ու նշում, որ կինը դիմել է այդ քայլին Ղարաբաղյան պատերազմին մասնակցած և հաշմանդամ դարձած իր 5 որդիների նկատմամբ իշխանությունների կողմից գործադրվող կամայականությունների պատճառով: Նա ևս երեք երեխա ունի:

Կինը հայտարարել է, որ տեղի Գյուզանլըի հարուստ բնակիչներից մեկը` Խալիդ անունով, ալկոհոլի ազդեցության տակ ծաղր ու ծանակի է ենթարկում իր հաշմանդամ դարձած որդիներին, իսկ ոստիկանությունը ոչինչ չի ձեռնարկում: Ոստիկանների աչքի առաջ Խալիդը նույնիսկ մարմնական վնասվածքներ է հասցրել Սաֆարալիևայի որդիներից մեկին, բայց անպատիժ է մնացել:

«Ես իմ հինգ զավակներին ուղարկել եմ Ղարաբաղյան պատերազմ և բոլորը հաշմանդամ են դարձել: Նրանք էլ բազմազավակ հայրեր են: Նրանցից մեկը 15 երեխա է մեծացնում: Այդ մարդը չի թողնում, որ որդիներիս հանգիստ ապրեն: Նրա փողերը փակում են ոստիկանության աչքերը: Պատերազմի ժամանակ որդիներիս տարան, փոխհատուցում խոստանալով, իսկ հիմա նույնիսկ իմ ձայնը չեն ուզում լսել: Այդ պատճառով էլ ես ուզում եմ անցնել հայերի կողմը: Կհավաքեմ ամբողջ ընտանիքս և կանցնեմ հայերի մոտ»,- ասել է կինը:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը և ԼՂՀ ՊՆ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը դեպքի մասին դեռևս տեղեկություն չեն տրամադրում: