Այսօր ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության նախաձեռնությամբ ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների և միջազգային կազմակերպությունների հայաստանյան առաքելությունների ղեկավարների հետ:
Նախագահի թեկնածուն շարադրել է նախընտրական փուլի առանձնահատկություններին առնչվող իր մոտեցումները, գնահատել քարոզարշավի ընթացքը: Կողմերն ընդգծել են Հայաստանում առաջիկա նախագահական ընտրությունները միջազգային չափանիշներին համապատասխան անցկացնելու կարևորությունը: Դիվանագետների խնդրանքով Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայացրել է նաև արտաքին քաղաքականության վերաբերյալ իր դիրքորոշումները:
Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբից հայտնում են, որ օրվա երկրորդ կեսին թեկնածուն եղել էԱշտարակում և շրջակա գյուղերում:
«Մենք թևակոխել ենք քարոզարշավի երկրորդ փուլ, և իմ հանդիպումներից, Երևանում ու մարզերում իմ շփումներից պարզ երևում է, որ մարդկանց տրամադրությունները փոխվում են: Մեր ժողովուրդը դուրս է գալիս թմբիրից և օրըստօրե ավելի պատրաստակամ է պատասխանատվություն վերցնելու, 20 տարվա ընթացքում առաջին անգամ ընտրությունների միջոցով իրավիճակը երկրում փոխելու առումով»,- աշտարակցիների հետ հանդիպման ժամանակ ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը: