
ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը համոզված է, որ այն լրատվամիջոցները, որոնք ցանկանում են ճիշտ տեղեկատվություն տրամադրել, լրջագույնս վտանգված են: Որպես ապացույց ՀԱԿ անդամը անդրադարձավ «Ժողովուրդ» օրաթերթի և X գրուպ ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանի ընդհարմանը: Խաչատրյանը «Ժողովուրդ» օրաթերթի դեմ դատական հայց է ներկայացրել՝ պահանջելով իր թռչնաֆաբրիկայի համբավը արատավորելու համար որպես փոխհատուցում 3 մլն դրամ վճարել:
Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը արգելանք է դրել օրաթերթի և վերջինիս լրագրող Սոնա Գրիգորյանի գույքի վրա: Դատական նիստը տեղի կունենա մարտի 22-ին: Թերթում տպագրված նյութում նշված է եղել ժամկետանց ձու վաճառելու մասին: Ասուլիսի մյուս բանախոսը՝ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, խոսելով ՀՀ-ում խոսքի ազատության և ԶԼՄ-ների դեմ իրականացվող արշավի ու դատական գործերի մասին, ասաց, որ անհրաժեշտ է ստեղծել լրագրողական ընկերություն, որը կպաշտպանի լրագրողների իրավունքները, քանի որ դատական համակարգն անկատար է: