Խթանելու համար Իրանից զբոսաշրջիկների ներհոսքը Հայաստան, նախատեսվում է ճանապարհային նշանների գրառումները անել նաև պարսկերեն լեզվով: Ինչպես ասել է էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը, մասնավորապես, խոսքը Մեղրու մաքսատան մասին է: Ավելին, արդեն հրատարակվել են բրոշյուրներ, ուղեցույցներ, ճանապարհային քարտեզներ, որոնցով ղեկավարվելով պարսիկ զբոսաշրջիկը կարող էճամփորդել Հայաստանում:
Նույն նպատակլով ՀՀ կառավարությունը դեռ 2011թ. հունիսի 10-ին թույլատրեց ՀՀ ԿԱ առընթեր պետեկամուտների կոմիտեի պետին` «Դյութի Ֆրի Ալիանս» ընկերությանը Մեղրիի մաքսային կետում 800 քառ. մետր հողամաս հատկացնել առանց մրցույթի: Հողամասը գտնվում է Կարճևան գյուղի Մայրուղի-4 հասցեում: Կառուցապատման իրավունք ձեռքբերած անձը հողամասը վարձակալելու է 49 տարի ժամկետով, վարձավճարը հավասարեցված է լինելու կադաստրային արժեքին: «Դյութի Ֆրի Ալիանս»-ը պարտավորվում է կառուցել անմաքս առևտրի խանութ և դրա պահեստային հատվածը:
Այս որոշումը պայմանավորված է Հայաստանի և Իրանի միջև զբոսաշրջության զարգացմամբ, մարդկային հոսքերի կտրուկ ավելացմամբ:
Անմաքս առևտրի կետը կնպաստի, որպեսզի Մեղրու մաքսատնով անցնող քաղաքացիները առևտուր անեն Հայաստանի տարածքում:
Նշենք, որ անցած տարի Նովրուզ բայրամի օրերին Իրանից եկող զբոսաշրջիկների անկում նկատվեց, քանի որ այդ երկրում սահմանափակվել էին արժութային գործարքները դոլարի հետ միջազգային պատժամիջոցների պատճառով:
Սակայն, ինչպես հավաստիացրեց Պետրոսյանը, դրանից հետո, երբ սահմանափակումները հանվեցին, պարսիկներն այնուամենայնիվ այցելեցին Հայաստան: Այս տարի զբոսաշրջիկների մեծ հոսք է սպասվում Իրանից: