6 փետրվարի 2013 - 17:09 AMT
Արման Մելիքյանը հորդորում է կասեցնել և կանխել զանգվածային օրինախախտումները

ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը դիմել է ՀՀ ԿԸՀ հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին և ՀՀ նախագահի ընտրությունների դիտարկումն իրականացնող դիտորդական առաքելություններին: Նրա հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Հարգելի պարոն Մուկուչյան, ՀՀ նախագահի ընտրությունների դիտարկումն իրականացնող դիտորդական առաքելությունների հարգելի ղեկավարներ և անդամներ

Արդեն առիթն ունեցել եմ մեկ անգամ դիմելու ՀՀ ԿԸՀ-ին և մտահոգությունս արտահայտելու առաջիկա նախագահական ընտրությունների օրինականությունը վտանգված լինելու կապակցությամբ: Ստիպված եմ, վերստին, հրավիրել Ձեր ուշադրությունն այն հանգամանքի վրա, որ անկախացումից ի վեր Հայաստանից հեռացած` քվեարկելու իրավունք ունեցող առնվազն մեկ միլիոն քաղաքացիների ձայները կարող են նախկինի պես օգտագործվել ընտրությունների վերջնարդյունքը կեղծելու համար: Մեր համոզմամբ, նախկին համապետական ընտրությունները կեղծվել են և առնվազն կես միլիոն քվեներ հավելագրվել են հօգուտ իշխանության թեկնածուի, ինչը հաստատվում է ամենապարզ հաշվարկի միջոցով: ՀՀ ԿԸՀ-ին հասցեգրված իմ նախորդ նամակով (15.01.2013թ. թվագրված) ես հորդորում էի ՀՀ ԿԸՀ-ին, որը ՀՀ “Ընտրական օրենսգրքի” տասներորդ հոդվածի համաձայն ընտրությունները կազմակերպող և ընտրությունների օրինականության նկատմամբ վերահսկողություն իրականացնող մշտական հիմունքներով գործող պետական մարմինն է, կանխել հնարավոր զանգվածային ընտրակեղծարարությունը Հայաստանից հեռացած` քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների վերաբերյալ հավաստի թվային տվյալներ հրապարակելու միջոցով: ԿԸՀ-ն իր որոշմամբ իմ առաջարկը դիտարկեց ոչ թե որպես ընտրակեղծարարությունը կանխող միջոց, այլ տեղեկատվություն տրամադրելու պահանջ, որը և մերժեց, մերժումը հիմնավորելով նրանով, որ նման տեղեկատվություն տրամադրելը չի մտնում ԿԸՀ-ի լիազորությունների մեջ: Ելնելով վերը ասվածից` ստիպված եմ վերահաստատել պահանջս և հատուկ ընդգծել, որ ես ոչ թե տեղեկատվություն տրամադրելու պահանջ եմ ներկայացնում, այլ պահանջում եմ, որպեսզի ԿԸՀ-ն` վերը մեջբերված իր լիազորությունների և պարտականությունների բերումով կանխի ընտրակեղծարարությունը` ՀՀ-ից հեռացած ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների վերաբերյալ արժանահավատ թվային տվյալները հանրությանը հասանելի դարձնելու միջոցով: Պետք է հավելեմ նաև, որ մենք հետևում ենք նախընտրական գործընթացներին և արձանագրում ենք ընտրողների վրա գործադրվող զանգվածային ճնշման դրսևորումներ: Մեր աղբյուրները հաղորդում են, որ եղել են ընտրակաշառք առաջարկելու դեպքեր, իսկ բնակելի շենքերի լիազորներին վարչական շրջանների պաշտոնական ներկայացուցիչները` այսինքն պետական ծառայության մեջ գտնվող անձինք հրահանգել են հավաքագրել իրենց շենքերում գրանցված և Հայաստանից հեռացած կամ առկա ընտրողների վերաբերյալ թվային տվյալներ և այս աշխատանքները հիմնականում արդեն ավարտված են: Այդ նպատակով օգտագործվում են հատուկ ձևաթղթեր (նմուշը կցվում է), որի վերջին տողը պետք է տվյալներ պարունակի պարոն Սերժ Սարգսյանի օգտին քվեարկելու պատրաստակամություն արտահայտած ընտրողների թվի վերաբերյալ: Մենք ընտրողների նկատմամբ զանգվածային ճնշման դրսևորում ենք գնահատում պետական ծառայության մեջ գտնվող անձանց կողմից գործող իշխանության ղեկավարի թեկնածուական շահերի հանդեպ ցուցաբերած հատուկ հետաքրքրությունը: Մյուս կողմից արդեն պարզ է, որ Հայաստանից հեռացած` ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների վերաբերյալ թվային տվյալներն արդեն հավաքագրվել են և իշխանության պարտականությունն է դրանք հրապարակել առնվազն մինչև փետրվարի տասներեքը:

Կարծում եմ, որ ՀՀ ԿԸՀ-ն և գրանցված դիտորդական առաքելությունները պետք է անհրաժեշտ քայլերը կատարեն զանգվածային օրինախախտումները կասեցնելու և կանխելու համար, որոնցից առաջինն ու կարևորագույնը պետք է լինի Հայաստանից բացակա ընտրողների վերաբերյալ արժանահավատ թվային տվյալների հրապարակայնացումը: Մենք շարունակում ենք նաև Հայաստանից հեռացած ընտրողների ընդհանուր թվաքանակի ճշգրտումը և արդեն հիմա կարող ենք ասել, որ այդ թիվը կարող է նկատելիորեն գերազանցել մեր կողմից նախապես նշված մեկ միլիոնը: Այժմ այս ուղղությամբ հատուկ հետազոտություն է իրականացվում, որը կհրապարակվի մոտ օրերս»: