7 փետրվարի 2013 - 15:36 AMT
Հայրիկյանը հնարավոր է` փոխի որոշումը և ընտրությունները հետաձգելու պահանջով դիմի ՍԴ

ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը դեռ հնարավոր է` դիմի Սահմանադրական դատարան` ընտրությունները հետաձգելու պահանջով: Թեկնածուի շտաբի համակարգող Մանյա Այվազյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում չբացառեց, որ Պարույր Հայրիկյանը կարող է նման որոշում ընդունել:

Ավելացնենք , որ ընտրությունները հետաձգելու պահանջով ՍԴ դիմելու համար Ընտրական օրենսգրքով ժամկետներ սահմանված չեն:

ՀՀ Սահմանադրության 52 հոդվածի համաձայն, Հանրապետության նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում Հանրապետության նախագահի ընտրությունը հետաձգվում է երկշաբաթյա ժամկետով։ Անհաղթահարելի ճանաչված խոչընդոտները չվերանալու դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նշված երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո՝ քառասուներորդ օրը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Պարույր Հայրիկյանի առողջական վիճակը վատացել է: «Նրա առողջական վիճակը ավելի է վատացել, խնդիրներ են առաջացել, բայց ես կոնկրետ տեղեկություն չեմ կարող տալ: Միայն կարող եմ ասել, որ բժիշկները արգելել են հիվանդանոցից դուրս գալ, նա գոնե երկու օր պետք է դուրս չգա», - ասել էր Մանյա Այվազյանը:

Հիշեցնենք, որ հունվարի 31-ին ժամը 23.30-ի սահմաններում, Կենտրոն վարչական շրջանում` Տպագրիչների փողոցում, կրակել էին Պարույր Հայրիկյանի վրա: Անրակի շրջանում հրազենային վնասվածքով ՀՀ նախագահի թեկնածուին տեղափոխել էին բժշկական կենտրոն: