ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն այս պահին քարոզարշավով Գեղարքունիքի մարզում է, նրա բջջայինն անջատված է, այդ պատճառով նա չի կարող մեկնաբանել Պարույր Հայրիկյանի հայտարարությունը՝ միասնական թեկնածուով հանդես գալու վերաբերյալ: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակից հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը:
«Ամեն դեպքում ցանկացած առաջարկ հնարավոր է քննարկել, կարծում եմ՝ Հայրիկյանի առաջարկը կքննարկվի նաև Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբում», - իր կարծիքը հայտնեց Խուրշուդյանը:
Հարցին՝ հնարավո՞ր է արդյոք, որ Հովհաննիսյանն ընդունի Հայրիկյանի առաջարկը, Խուրշուդյանը պատասխանեց, որ նայած ում թեկնածությունը կառաջարկի Պարույր Հայրիկյանը:
«Ինձ համար, օրինակ, ակնհայտ է հասարակական տրամադրությունը, թե ում կուզեին մարդիկ տեսնել միասնական թեկնածուի դերում: Եթե պարոն Հայրիկյանի առաջարկը համարժեք է հասարակական տրամադրություններին, ապա ավելի հավանական է, որ նման միավորում տեղի ունենա», - եզրափակեց Խուրշուդյանը, հավելելով, որ Րաֆֆի Հովհաննիսյանի կարծիքն այս առաջարկի վերաբերյալ հայտնի կդառնա երեկոյան, երբ նա վերադառնա: