9 փետրվարի 2013 - 17:50 AMT
Սուրբ Վարդանանց տոնը նշվել է նաև Վառնայում

Փետրվարի 7-ին Սուրբ Վարդանանց տոնը նշվել է նաև Վառնայում` մեծ հանդիսավորությամբ: Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկանում է «Կանթեղ Արարատյան» տեղեկատվական կայքից: Ավանդության համաձայն, այդ օրը Վառնայի Հ.Մ.Ը.Մ.-ի սակուտները, որպես Սուրբ Վարդան Մամիկոնյանի գաղափարների ու ոգու կրողներ, այդ սրբազան արժեքները պահպանողներ, նշել են իրենց ուխտի նորոգման տոնը:

Վառնայի Սուրբ Սարգիս եկեղեցում, տեղի հայության հոգևոր հովիվ Արժ. Տ. Բարդուղիմեոս քհն. Հակոբյանը, Վարդանանց տոնին մատուցել է Սուրբ Պատարագ, իր քարոզում խոսել Վարդան Մամիկոնյանի կատարած անմահ գործի՝ հանուն հավատքի պահապանման ու հանուն հայրենիքի ազատության իր կյանքը նվիրելու մասին.«Ինչպես որ Սուրբ Վարդան Մամիկոնյանը մի ամբողջ ժողովրդի իր կյանքի գնով զերծ պահեց օտարամոլությունից, օտար կրոնի ու մշակույթի ներթափանցումից, այնպես էլ այսօր Սուրբ Վարդանանց տոնին պետք է խնդրենք սրբի բարեխոսությունը մեր յուրաքանչյուրիս համար, որ Աստված միշտ մեր մեջ վառ պահի Սուրբ Վարդան Մամիկոնյանի ոգին, որպեսզի մենք էլ պայքարենք ամեն տեսակ օտարամոլության դեմ ու մայր հայրենիքից հեռու կարողանանք սրբորեն պահել մեր կրոնն ու մշակույթը»: Հ.Մ.Ը.Մ.-ի սկաուտները Հայկական կիրակնօրյա դպրոցի նախաձեռնությամբ կազմակերպել էին տոնական միջոցառում նվիրված Վարդանանց տոնին: Նրանք հենց եկեղեցում ներկայացրել են Վարդանանց պատմությունը: