10 փետրվարի 2013 - 16:32 AMT
Հրանտ Բագրատյանը միավորվելու համար նախապայամաններ ներկայացրեց

Եթե նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանն առաջարկում է միասնական թեկնածուով հանդես գալ, առաջին հերթին նա պետք է հանի իր թեկնածությունը: Այսօր Երևանի Էրեբունի վարչական շրջանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն արեց նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանն՝ անդրադառնալով Պարույր Հայրիկյանի՝ իրեն և Րաֆֆի Հովհաննիսյանին արված միավորվելու և մեկ միասնական թեկնածուով հանդես գալու կոչին:

Հրանտ Բագրատյանը նաև նկատեց, որ մարդիկ հսկայական գումարներ են ծախսել քարոզարշավի վրա, և միասնական թեկնածուն պետք է փոխհատուցի այդ ծախսերը:

«Այդ միավորված թեկնածուները պետք է հայտարարեն, որ նրանք չեն շնորհավորի գործող նախագահ Սերժ Սարգսյանին և որ նրանք ընդդիմություն են հանդիսանում: Սակայն թեկնածուներից մեկը վերջերս հայտարարեց, որ կշնորհավորի հաղթողին»,-ասաց Հրանտ Բագրատյանը:

Թեկնածուն նաև հայտնեց, որ իրենք պատրաստ են քննարկել Հայրիկյանի առաջարկությունը, և քննարկել են այն, սակայն չեն պատրաստվում դա անել ԶԼՄ-ների միջոցով` էական արդյունքի դեռ չհասած: