11 փետրվարի 2013 - 11:58 AMT
Բագրատյանը Տեր-Պետրոսյանին հարգում է, բայց «Ազատությունը» չկա ՀԱԿ կուսակցության մեջ

«Ազատություն» կուսակցությունը ստեղծվելիք Հայ ազգային կոնգրես կուսակցության հետ կապ չունի: «Ազատություն» կուսակցության ղեկավար, ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը նորմալ է վերաբերում այդ կուսակցության ստեղծմանը: «Այդ կուսակցության ստեղծումն, ըստ էության, նշանակում է ՀԱԿ-ի վերջը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա:

Հրանտ Բագրատյանը նշեց, որ ՀԱԿ դաշինքի անդամ երեք կուսակցության ղեկավարները զանգել են իրեն և հարցրել, թե դաշինքի հարցը ինչ է լինելու: «Իրենք կարող են ստեղծել ՀԱԿ կուսակցություն, բայց կա ՀԱԿ դաշինքը: Առաջին նախագահի գործողությունները հարգում եմ, բայց «Ազատությունը» չկա այդ կուսակցության մեջ: Շատ հավանական է, որ անիմաստ է խոսել այլևս դաշինքի մասին, բայց միևնույն ժամանակ, այն տարիքում չեմ, որ ասեմ դաշինքը անցեք, արհամարհեք»,- ասաց Հրանտ Բագրատյանը և ավելացրեց, որ ՀԱԿ-ի իր գործընկերների հետ հարցը պատրաստվում են քննարկել փետրվարի 18-ից հետո, երբ ընտրություններն ավարտվեն:

Ինչպես հայտնի է` 28 անհատներ դիմել են Արդարադատության նախարարություն` Հայ ազգային կոնգրես անունով նոր կուսակցություն ստեղծելու համար: Կուսակցության գաղափարախոսության հիմքում դրվելու է սոցիալական լիբերալիզմը: ՀԱԿ կուսակցության ղեկավարն ընտրվելու է կուսակցության առաջին համագումարում, որը տեղի կունենա մարտի 22-ին:

Ավելի վաղ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ ջանք չի խնայելու այդ կուսակցությունը կայացնելու և երկրի ամենաազդեցիկ քաղաքական ուժերից մեկր դարձնելու գործում: «Իսկ եթե ինձ վստահեն, թեկուզ խորհրդանշական կարգավիճակով, առաջնորդել նորաստեղծ կուսակցությունը, ապա դա ինձ համար մեծ պատիվ կհամարեմ ու ամենայն պատասխանատվաթյամբ կկատարեմ իմ պարտականությունը»,- ասել է նա: