Ֆրանսիայի ԱԺ քննարկման է ներկայացվել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ: Ինչպես գրում է Nouvelles d`Arménie-ն, նոր օրինագծի հեղինակը կրկին «Հանուն ժողովրդական շարժման միության» կուսակցությունից ընտրված պատգամավոր Վալերի Բուայեն է:
Նոր օրինագիծը հիմնված է Եվրախորհրդարանի ընդունած «Ցեղասպանության և ռազմական հանցագործությունների քրեականացման» հոդվածի վրա: Այդ օրինագծով մեկ տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք է պահանջվում ցեղասպանության ժխտման համար:
Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք:
Թուրքիան շատ ցավագին արձագանքեց օրինագծի ընդունմանը՝ հայտարարելով, թե կսառեցնի համագործակցությունը Ֆրանսիայի հետ ամենատարբեր ոլորտներում:
Օրինագծի ընդունման դեպքում Թուրքիայի իշխանությունները սպառնում էին Ֆրանսիայի հետ բոլոր դիվանագիտական կապերի խզումով: Ավելին, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ երբեք չի այցելի Ֆրանսիա, եթե օրինագիծը ընդունվի:
Փետրվարի 29-ին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը օրինագիծը ճանաչեց ոչ սահմանադրական: Գրեթե անմիջապես Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին հանձնարարեց կառավարությանը նախապատրաստել նոր օրինագիծ: