12 փետրվարի 2013 - 13:53 AMT
Հայրիկյանը՝ ՍԴ-ից դիմումը հետ վերցնելու մասին. Ես չէի կարող զոհասեղանին դնել Անդրիասին

Քարոզարշավի ամենակարևոր փուլում ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը դուրս մղվեց, սակայն իր իսկ բնորոշմամբ, դա ողբերգություն չէ, բայց փաստ է: «Մենք ունեինք վարկանիշի կայուն աճ: Բայց պետք է նկատեմ, որ ես եթերում ամենաշատը երևացել եմ ոչ որպես քարոզող, այլ որպես ահաբեկված»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Պարույր Հայրիկյանը: Նա տեղեկացրեց, որ հիվանդանոցից դուրս է գրվել, բայց լիարժեքորեն չի կարող մասնակցել քարոզարշավին: «Կօգտագործեմ հեռուստաեթերի և համացանցի հնարավորությունները: Դրանց մենք նոր թափ ենք հաղորդում: Ինձ փորձեցին հանել հունից, բայց ամեն ինչ դեռ կորած չէ»,- ասաց նախագահի թեկնածուն:

Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարան` ընտրությունները հետաձգելու պահանջով դիմումին, ապա Հայրիկյանը այն ներկայացրեց, իսկ հետ վերցնելու մի քանի շարժառիթ ուներ: «Մարդիկ Հայրիկյանին համարել են կայությունյան խորհրդանիշ, բայց տեսնում են, որ Հայրիկյանը դիմումը տվեց ու հաջորդ օրը հետ վերցրեց: Ես քիչ ժամանակ ունեի, և պետք է որոշեի երկու ժողովրդավարական արժեքներից որին էի նախապատվություն տալիս՝ Հայրիկյան քաղաքական գործչին, թե Հայրիկյան նախագահի թեկնածուին: Ես նախապատվությունը տվեցի երկրորդին»,- ասաց թեկնածուն:

Ըստ Հայրիկյանի՝ ահաբեկիչների նպատակը ընտրությունները երկու շաբաթով հետաձգելը չէր, այն ավելի խորն էր: Դիմումը հետ վերցնելու կարևոր պատճառներից մեկն էլ Անդրիաս Ղուկասյանն էր: «Նա հացադուլի մեջ էր, իսկ ես հավատում էի նրա հայտարարություններին, որ մինչև ընտրությունները կերկարաձգեր հացադուլը, ես զոհասեղանին կդնեի Անդրիասին: Ես չէի կարող դա թույլ տալ»,- պարզաբանեց Պարույր Հայրիկյանը: Նա նաև նկատեց, որ եթե Անդրիաս Ղուկասյանը մահանար, նոր ընտրություններ էին նշանակվելու:

Նա հիշեցրեց, որ ՍԴ դիմումը տալուց առաջ նախագահի մեկ այլ թեկնածու Սերժ Սարգսյանն այցելել էր իրեն հիվանդանոց: «Նա իսկապես անհանգիստ էր, թե ինչ է կատարվում: Խոսել ենք առողջական վիճակիս մասին: Ծրագրերի և քաղաքական լուրջ խնդիրների մասին չենք խոսել: Նա ինքն իրեն հարգում է և չէր կարող իր անձնական ցանկությունների համար ինչ-որ բան խնդրել: Իսկ ահա Բագրատյանը ինձ ասում էր պիտի դիմես, եթե չդիմես ես կդիմեմ: Ես ցավում եմ Բագրատյանի համար, մարդը, ով այդքան տարի վարչապետ է աշխատել, պետք է զսպվածություն ունենա: Առողջ չէ իր մոտեցումը, ես նրան այդ առումով առողջություն եմ մաղթում»,- ասաց Պարույր Հայրիկյանը:

Ըստ թեկնածուի՝ այս ընտրություններում երկրորդ փուլն անխուսափելի է. «Երկրորդ փուլում ես եմ որոշելու որ ուղղությամբ ենք գնալու»: